Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի շտաբի ղեկավար, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը պնդում է՝ «Հայաստանի քաղաքացին այսօր էլ շարունակում է վստահել մեր իշխանությանը»։
Նախարարը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն էր։
Ստորև՝ հատված հարցազրույցից.
Սուրեն Պապիկյան. – Մի քանի օրվա իմ դիտարկումները այնպիսին են, որ Հայաստանի քաղաքացին ինչպես դեկտեմբերի 9-ին 2018 թվականի, այսօր էլ շարունակում է վստահել մեր իշխանությանը, որովհետև մեր հարցումների մեծ մասը, նաև՝ մեր հանդիպած քաղաքացիների զգալի հատվածը ապրիլի 5-ին կողմ է քվեարկելու սահմանադրական փոփոխություններին, որովհետև քաղաքացիները քաջ գիտակցում են, որ Հայաստանում փոփոխությունների և հեղափոխական օրակարգը իր հերթական հանգրվանին հասցնելու համար անհրաժեշտ է իրենց մասնակցությունը, և Հայաստանում փոփոխությունը ամենաբարձր լեգիտությամբ ապահովելու՝ Հայաստանի քաղաքացու ձայնով ապահովելու նպատակով։
«Ազատություն». – Ասում են՝ հակասահմանադրական գործընթաց է այս հանրաքվեն, ողջ այս նախաձեռնությունը, և քննադատում են նաև այն բանի համար, որ, փաստորեն, դուք ահռելի միջոցներ եք ծախսում, որպեսզի այդ 7 հոգուն աշխատանքից հեռացնեք։
Պապիկյան. – Երբ ես խոսում էի այս հոդվածի մասին՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ անփոխարինելի հոդվածի մասին, և հղում էի կատարում ժողովրդի իշխանությանը, հենց խոսքը սրա մասին էր։ Այսինքն, լավ, հարց հռետորական մեր գործընկերներին, և ընդհանրապես՝ ուղիղ հարց. Հայաստանում համար մեկ սահմանադիրը ո՞վ է ընդհանրապես, աշխարհում, ընդհանրապես, քաղաքակիրթ երկրներում ո՞վ է հանդիսանում թիվ մեկ սահմանադիրը՝ դա տվյալ երկրի քաղաքացին է։ Այսինքն՝ երկրում փոփոխություններ կատարելու, այդ թվում նաև՝ Սահմանադրական դատարանի, և նաև սահմանադրական փոփոխության առաջարկի ճիշտ ճանապարհը իրենց համար շատ ավելի լավ էր Ազգային ժողովը անե՞լ, թե՞ հանրային ավելի լայն կոնսոլիդացիայի և հանրային լայն կարծիքի արդյունքում տեղի ունեցող փոփոխություն կամ դրա տեղի չունենալը։ Ո՞րն է շատ ավելի կարևոր մեր գործընկերների համար՝ մեզ քննադատե՞լը։ Մենք արել ենք այն, ինչ առավել օրինական է, այսինքն՝ ավելի օրինական աղբյուր, քան առաջնային աղբյուրն է, քան Հայաստանի քաղաքացին է, գոյություն չունի։
Ես չեմ ուզում մտնել իրավական ինչ-որ, տարբեր, այսինչ հոդվածի այսինչ կետի... ամենայն հարգանքով մեր իրավաբանների և իհարկե նաև մեր իրավական ակտերի նկատմամբ, բայց մի բան ակնհայտ է՝ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդը իր իշխանությունն իրականացնում է տարբեր ճանապարհներով։
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն Հայաստանում նշանակված է ապրիլի 5-ին։ Փոփոխություններով առաջարկվում է դադարեցնել մինչև 2018 թվականի ապրիլի 9-ն ընտրված ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ու ևս 6 անդամների լիազորությունները։ Նախագիծը չի վերաբերում միայն ՍԴ դատավորներ Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին։
«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի մարտի 8-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.