Մատչելիության հղումներ

Վարչապետը քարոզարշավ անցկացրեց Ստեփանավանում. «Ոչ»-ի կողմն այցը խնդրահարույց է համարում


Ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների համապետական հանրաքվեի քարոզարշավի 20-րդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավով Լոռվա մարզի Ստեփանավան քաղաքում էր:

Նրան ուղեկցում էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Ճանապարհին Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ, Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի ևս վեց անդամների պաշտոնավարման դադարեցմանը կողմ քաղաքացիներին կոչ արեց իրենց միջավայրում զբաղվել «Այո»-ի քարոզարշավով:

«Իմաստը հետևյալն է, որ աշխատանքի վայրում «Այո»-ի կողմնակիցը գտնի մեկ ուրիշ «Այո»-ի կողմնակից, երկուսով գտնեն երրորդին, երեքով՝ չորրորդին, չորսով՝ հինգերորդին և այսպես շարունակ, և ցանցային քարոզչություն իրականացնեն այն փոքր ժամանակահատվածներում, որը կառաջանա աշխատանքի և այլ գործերի ընթացքում», - նշեց վարչապետը։

Այս անգամ Փաշինյանը անհատապես դիմեց իր ուղիղ հեռարձակմանը հետևող քաղաքացիներից մի քանիսին։

«Եվ ուրեմն «Այո»-ի քարոզարշավը, «Այո»-ի քաղաքական պրոցեսը ունի մեկ առաջնորդ, և այդ մեկ առաջնորդը դու ես, օրինակ, հիմա կարդամ՝ Վահագն Գասպարյան, մեկ առաջնորդը դու ես, Թագուհի Պողոսյան, մեկ առաջնորդը դու ես», - հայտարարեց Հայաստանի կառավարության ղեկավարը։

Փաշինյանը քարոզարշավը սկսել էր դեռ երեկ երեկոյան իր երկու դուստրերի հետ՝ հանրային տրանսպորտում և փողոցներում քաղաքացիներին բուկլետներ բաժանելով: Քարոզարշավը առանց միջադեպի չանցավ: Երիտասարդ մի աղջիկ Փաշինյանի կողմից իրեն ուղղված բուկլետը պատռեց, բաժանեց մասերի ու նետեց Փաշինյանի ուղղությամբ։

Ավելի ուշ Փաշինյանը ֆեսբուքյան գրառմամբ անդրադարձավ միջադեպին՝ գրելով․ «Ես սա համարում եմ «Այո»-ի ամենամեծ քարոզչությունը, որովհետև այս երիտասարդ կնոջ անվտանգությանը ոչինչ չի սպառնում, նրան անզգույշ չեն քաշքշում մոտակա զուգարանում, նա շարունակելու է ապրել իր բնականոն կյանքով, ազատ արտահայտելու է իր տեսակետը, աշխատանքից չի ազատվելու, որովհետև ապրում է և ապրելու է Ազատ և Երջանիկ Հայաստանում»:

Չնայած քարոզարշավը արդեն 20 օր մեկնարկել է, բայց ակտիվ փուլ դեռ չի մտել: Չի բացառվում, որ նախորդ շաբաթ Հայաստանում գրանցված կորոնավիրուսի մեկ դեպքը պասիվության պատճառներից ևս մեկն է։

Եթե «Այո»-ի շտաբը վերջին երկու օրերին ակտիվացել է, ապա «Ոչ»-ի շտաբից փոխանցում են՝ իրենց մոտ աշխատելաոճի փոփոխություն չի լինելու: «Ոչ»-ի շտաբի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը «Ազատությանը» հայտնեց՝ իրենք հանրային ելույթներ չեն ունենալու, բուկլետներ չեն բաժանելու, հարցազրույցներ չեն տալու: Քարոզարշավի ընթացքում խախտումների մասին էլ գրառումներ կանեն «Ֆեյսբուք»-ում և կդիմեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ):

Նման օրինակ «Ազատության» հետ զրույցում բարձրաձայնեց «Ոչ»-ի շտաբի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը։ Խնդրահարույց է համարում այսօր Լոռու մարզ վարչապետի կատարած այցը, ասում է՝ հասկանալի չէր՝ լրատվական ծառայության հետ մարզային այց էր կատարել վարչապե՞տը, որը ստուգում էր կատարված ասֆալտապատման աշխատանքները, թե՞ քաղաքացի Փաշինյանը, ով քարոզարշավ էր իրականացնում։

«Եթե քարոզարշավի նպատակով Նիկոլ Փաշինյանը մեկնում է ինչ-որ մի տեղ, ուրեմն բացառապես քարոզարշավի գործառույթ պետք է իրականացնի, այլ ոչ թե դա համադրի վարչապետի լիազորությունների հետ։ Ես կարծում եմ՝ այս ամենը շատ կարևոր է, որպեսզի մեզ մոտ նաև իրավական մշակույթը զարգանա, և նաև հետագայում մեր ավանդույթը այս առումով բարելավվի», - նշեց Մելիքյանը։

Ավելի ուշ վարչապետի լրատվական ծառայությունը նույնիսկ մամուլի հաղորդագրություն տարածեց կատարված այցի մասին։

Հաղորդագրության մեջ նշված է, որ վարչապետը մարզպետի ու նախարարի հետ շրջայց է կատարել Գյուլագարակի հիմնանորոգված ճանապարհով, տեղեկացվել է, որ 2,5 կմ երկարությամբ ճանապարհն ամբողջությամբ նորոգվել է 2019 թվականի ընթացքում։

Մելիքյանը նկատում է՝ մի քանի օր առաջ իրենց կողմից արձանագրված մեկ այլ խախտում, երբ նախարար Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովի ամբիոնից «Այո»-ի քարոզով էր զբաղվել, ևս անհետևանք է մնացել։

«Մենք այն կարծիքին ենք, որ եղավ խախտում, բայց չեղավ հետևանք։ Ո՞րն է հետևանքը, օրինակ, քանի որ եղավ ապօրինի հարթակի օգտագործում, նրանք կարող են օրինական հարթակից 1-2 օրում որպես հետևանք հրաժարվել, դա կարող է լինել, օրինակ, Հանրայինի անվճար եթերը», - ասաց Ռուբեն Մելիքյանը։

XS
SM
MD
LG