Մատչելիության հղումներ

Պապիկյանը հայտարարում է՝ քարոզարշավի ընթացքում որևէ մեկը «թող իշխանությանը արջի ծառայություն չմատուցի»


«Քարոզարշավի ժամանակ որևէ մեկը թող չփորձի արջի ծառայություն մատուցել իշխանությանը», - այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց «Այո»-ի նախընտրական շտաբի ղեկավար, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյո՞ք գործադիր իշխանությունը քարոզարշավի ժամանակ ձեռնպահ կմնա վարչական լծակների գործադրումից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, երեկ կազմակերպված դրամահավաքի ժամանակ հայտարարեց՝ և՛ իր քաղաքական թիմը, և՛ թե ինքը կկտրեն իրենց ձեռքերը, բայց մի քվեաթերթիկի կեղծիք թույլ չեն տա։

«Որևէ մեկը թող իշխանությանը արջի ծառայություն չմատուցի, կլինի գյուղապետ, քաղաքապետ, չգիտեմ, թաղային հեղինակություն, մենք դրա կարիքը չունենք։ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ընձեռված հնարավորությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքը որևէ կերպ չի կարող փոխակերպվել պարտադրանքի։ Եթե որևէ մեկը՝ թե հիմա դա կլինի հաճոյանալու համար, թե ինքը կարծում է, որ էդպես ավելի ճիշտ է, ինքը հավասար է օրենքի առաջ և պատժվելու է հավասարապես բոլորի նման։ Այնպես չէ, որ այստեղ ես դա եմ ասում, բայց ենթատեքստում ուրիշ բան է, ես հիմա էլ եմ խնդրում իրավապահներին՝ աչալուրջ լինել, ու նաև լրագրողներին, նմանատիպ որևէ արձանագրում անելուց հետո մենք պատրաստ ենք համագործակցել և խնդիրը վեր հանել ու խստագույնս պատժել յուրաքանչյուրին», - ասաց Սուրեն Պապիկյանը։

Ի դեպ, տարածքային կառավարման նախարարին հիշեցրին, որ Հանրապետականի իշխանության ժամանակ էլ նախընտրական շտաբը ղեկավարում էր Հովիկ Աբրահամյանը, ով ինչպես Սուրեն Պապիկյանը՝ տարածքային կառավարման նախարար էր և վերահսկում էր վարչական լծակները։ Պապիկյանը հակադարձեց՝ ինքն իր և Հովիկ Աբրահամյանի միջև որևէ նմանություն չի տեսնում։

«Նախ խնդրում եմ ինձ չհամեմատել Հովիկ Աբրահամյանի հետ, ես որևէ համեմատության եզր չեմ տեսնում, բացի զբաղեցրած պաշտոնը, ավելին ասեմ՝ ի տարբերություն ձեր նշած գործչի կամ անձի, ես հանդիսանում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը։ Դրանից զատ, ես որևէ քայլ կամ արարք թույլ չեմ տվել, որպեսզի որևէ կերպ ինձ կապեն վարչական ռեսուրս չարաշահելու կամ նմանատիպ այլ բաների հետ», - նշեց Պապիկյանը։

«Այո»-ի շտաբը ակտիվ քարոզչությունը սկսելու է մարտի 2-ից, որը կտևի մինչև ապրիլի 3-ը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզչությանը կմիանա մարտի 10-ից, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքից։ Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը շեշտեց՝ քարոզարշավի ընթացքում վարչապետ Փաշինյանը որոշ օրերի կլինի արձակուրդում։ Ինքը՝ Պապիկյանը, այս պահին արդեն արձակուրդում է, որը կընդհատի հաջորդ շաբաթ, երբ կայցելի Վրաստան, ապա կրկին կմեկնի արձակուրդ։

«Ամսի 2-ից մեկնարկում է ամբողջ հանրապետության տարածքում մեր գործընկերների քարոզարշավը։ Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ բոլոր քաղաքներով այցերը կլինեն ամսի 10-11-ին։ Այո, որպես մեկնարկ սկսում ենք հարավից, գալիս ենք, էսպես շրջում ենք, հետո գալիս ենք Երևանում ավարտում ենք», - ասաց Պապիկյանը։

Այսօր հրավիրած ասուլիսում, «Այո» նախընտրական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը անդրադարձավ նաև երեկվա դրամահավաքի ժամանակ հավաքված ավելի քան 200 միլիոն դրամին։ Նախարարը պարզաբանեց, որ օրենքի հետ կապված որևէ խնդիր չկա, քանի որ դրամահավաքը իրականացրել է «Քաղաքացիական պայմանագիրը» և ոչ թե «Այո»-ի շտաբը։ Նշենք, որ «Հանրաքվեի մասին» օրենքի համաձայն, քարոզչական շտաբերի հիմնադրամներին փոխանցվող գումարը չպետք է գերազանցի 100 միլիոնը։

Հարցին, թե ինչպե՞ս են ապրիլի 5-ին 650 հազար «այո» ապահովելու, Սուրեն Պապիկյանը պատասխանեց, թե կենաց-մահու պայքար չեն մղելու, քաղաքացին ինքը կորոշի, թե ինչպիսի ընթացք պետք է ունենա երկիրը։ Ըստ նախարարի, «չկա ավելի ժողովրդավարական գործընթաց, քան հանրաքվեն է»։

«Եթե քաղաքացին այլ բան կորոշի, բնականաբար, մենք պիտի հաշվի նստենք այդ իրականության հետ», - նշեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը։

XS
SM
MD
LG