Այսօր Մոսկվայում կայանալու են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի բանակցությունները, որոնց օրակարգում է լինելու իրավիճակը Սիրիայի Իդլիբ նահանգում։
Էրդողանի հետ բանակցություններից առաջ՝ երեկ, Պուտինն անսպասելիորեն անցկացրել է Իդլիբի շուրջ իրավիճակին և ռուս - թուրքական հարաբերություններին նվիրված Անվտանգության խորհրդի նիստ, որի մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Իսկ Թուրքիայի նախագահը Մոսկվա մեկնելուց առաջ երեքշաբթի օրը հայտարարել է՝ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից ակնկալում է, որ Իդլիբ նահանգում հրադադար կհաստատվի։ Լրագրողների հետ զրույցում Էրդողանը նշել է նաև, որ իրավիճակը Իդլիբում հանդիպման օրակարգի գլխավոր հարցն է։
Թուրքիայի նախագահը երեկ ասել է նաև, թե Անկարան չի ճանաչում ապրիլին Սիրիայում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները։
Պուտին - Էրդողան մոսկովյան հանդիպումից առաջ “Россия 24” հեռուստաընկերությունը զրուցել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, ով հայտարարել է, թե թուրքերն ու սիրիացիները բարեկամ ժողովուրդներ են, միմյանց հետ պատերազմելու պատճառ չկա։
Միաժամանակ, Ասադը ռուսական հեռուստաընկերության եթերում պնդել է, որ Էրդողանն Իդլիբում հարձակում է սկսել Միացյալ Նահանգների թելադրանքով, և որ Իդլիբում սիրիական զորքերն առաջ են գնալու, իսկ Իդլիբից հետո մտադիր են նաև գրավել արևելյան շրջանները։
Իրավիճակը Իդլիբում, որտեղ սիրիական բանակը լայնածավալ հարձակողական գործողություններ է սկսել այս տարվա սկզբին, սրվել է փետրվարի վերջին։ Սիրիական ուժերի ավիահարվածների հետևանքով թուրքական բանակի մի քանի տասնյակ զինվորականների զոհվելուց հետո Անկարան հայտարարել է «Գարնանային վահան» ռազմական գործողությունների մեկնարկի մասին։
Ռուսական բանակը նույնպես ներգրավված է Իդլիբում մարտական գործողություններում, սակայն պաշտոնական Անկարան և Մոսկվան ռուս - թուրքական ուղիղ բախումների մասին գերադասում են չխոսել։ Մոսկվան հայտարարում է, որ օգնում է Ասադի ուժերին ահաբեկիչների դեմ պատերազմում, իսկ Անկարան հայտարարում է, որ պատերազմում է Ասադի ուժերի դեմ։