Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները երեկվա հեռախոսազրույցում համաձայնության չեն եկել սիրիական Իդլիբի շուրջ, որտեղ նախօրեին ռուսական ու թուրքական զորքերը փաստացի միմյանց դեմ էին դուրս եկել՝ պաշտպանելով հակադիր ճամբարների:
Անկարան աջակցում է ընդդիմադիրներին, Մոսկվան՝ Սիրիայի նախագահ Ասադին, ով մի քանի շաբաթ է՝ կատաղի մարտեր է մղում ընդդիմության վերահսկողության տակ մնացած վերջին խոշոր բնակավայրը՝ Իդլիբը գրավելու համար:
Ըստ պաշտոնական հաղորդագրությունների, Ռեջեփ Էրդողանը երեկ կրկին հորդորել է Պուտինին «զսպել Ասադի առաջխաղացումը», Պուտինն իր հերթին պնդել է՝ թիրախում ահաբեկչական խմբավորումներն են, ինչպես նաև ընդգծել «Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությունը»:
Երեկվա մարտերում թուրքական բանակը երկու զինվոր է կորցրել, ևս հինգը վիրավոր են:
Ավելի վաղ նախագահ Էրդողանը սպառնացել էր վրեժխնդիր լինել սեփական զինվորների ու դաշնակիցների համար, անկախ այն հանգամանքից՝ ով կլինի հարձակման հեղինակը: