Մատչելիության հղումներ

Սկսվեց Պողոս Պողոսյանի սպանության գործի դատաքննությունը


Երեւանի Կենտրոն,Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում՝ դատավոր Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր սկսվեց Պողոս Պողոսյանի սպանության գործի դատաքննությունը:

Սեպտեմբերի 25-ին Երեւանի «Առագաստ» սրճարանում Ջավախքի Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշեն գյուղի գյուղապետ, Դաշնակցության անդամ Պողոս Պողոսյանի սպանության կապակցությամբ քրեական օրենսգրքի 103 հոդվածի՝ անզգուշությամբ կատարված սպանության հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել Հայաստանի նախագահի թիկնապահներից մեկի՝ Աղամալ Հարությունյանի նկատմամբ:

Դեպքից հետո քրեական գործը հարուցվել էր քրեական օրենսգրքի 100 հոդվածի՝ դիտավորյալ սպանության հատկանիշներով: Այս հոդվածով օրենքն ավելի մեծ պատիժ է սահմանել, բացի այդ իրավաբանների վկայությամբ կոնկրետ դեպքի համար կարող էր նաեւ պաշտոնեական դիրքն ի չարը գործադրելու մեղադրանք առաջադրվել:

Նախաքննությունից հետո, այնուամենայնիվ, ազգային անվտանգության նախարարության աշխատակից Աղամալ Հարությունյանին առաջադրված՝ անզգույշ սպանության համար մեղադրանքի համար նախատեսված պատիժը մինչեւ երեք տարի ազատազրկումն է կամ մինչեւ երկու տարի ժամանակով ուղղիչ աշխատանքը: Աղամալ Հարությունյանի հանդեպ խափանման միջոց է ընտրված հանրապետությունից չբացակայելու ստորագրությունը:

Այսօր սկսված դատավարության առաջին նիստում Աղամալ Հարությունյանն իրեն մեղավոր չճանաչեց առաջադրված մեղադրանքով՝ անզգույշ սպանություն: Նիստից հետո էլ հրաժարվեց մեկնաբանություն տալ «Ազատություն» ռադիոկայանին:

Ամբաստանյալ Աղամալ Հարությունյանին ներկայացված մեղադրանքը, ըստ այսօրվա դատական նիստւմ մեղադրող Սարիկյանի հրապարակած մեղադրական եզրակացության, հետեւյալն է. «Ազգային անվտանգության նախարարության աշխատակից Աղամալ Հարությունյանը՝ 2001թ սեպտեմբերի 25-֊ին ժամը 24-ն անց 30֊-ի սահմաններում Երեւանի «Առագաստ» սրճարանից Հանրապետության նախագահին եւ վերջինիս հյուրերին ուղեկցելու ընթացքում՝ լսելով սրճարանի հաճախորդ Պողոս Պողոսյանի անպարկեշտ արտահայտությունները, քիչ անց վերադարձել է այնտեղ ու տեսնելով, որ վերջինս վիճաբանում է իրեն կարգի հրավիրող նույն նախարարության աշխատակից Գուրգեն Արսենյանի եւ այլ քաղաքացիների հետ, մոտեցել է նրան, կարգի հրավիրել, ապա նրա հետ մտել սրճարանի զուգարան, որտեղ փոխադարձ քաշքուկի եւ հարվածների ընթացքում ոգելից խմիչք օգտագործած վիճակում գտնվող Պողոս Պողոսյանը մեջքի ուղղությամբ վայր է ընկել գլխի հետեւի մասով հարվածել զուգարանի սալիկապատ հատակին, որի հետեւանքով ստացած գանգուղեղային ծանր մարմնական վնասվածքից մահացել է»:

Գործով վկա, մասնագիտությամբ ճարտարապետ, տուժողի ընկեր Ստեփան Նալբանդյանի դատական ցուցմունքի համաձայն, իրենք (Պողոս Պողոսյանը, Յուրա Նավոյանը եւ ինքը՝ Նալբանդյանը) տեղյակ էլ չէին, որ Հանրապետության նախագահն այնտեղ է լինելու: Երբ տեսնում են իրենց սեղանի մոտով անցնող նախագահին, «Պողոսը այդ պահին բղավեց՝ բարեւ, Ռոբիկ: Թիկնապահներից մեկն ասաց, եթե չեմ սխալվում՝ լափառոշ, ձայնդ կտրիր»:

Ըստ Նալբանդյանի, 10֊-15 րոպե հետո մոտենում է մի երիտասարդ ու շատ քաղաքավարի մի կողմ հրավիրում Պողոսյանին:

«Մի քանի րոպեից»,֊ - դատարանում ասաց Ստեփան Նալբանդյանը,֊- «տեսանք, որ զուգարանի կողմը համախմբված են... Վազեցի, հասա ... ես ինքս դուռը քաշելով մի կերպ մտա ներս, դիմացից մեկը հարվածեց իմ դեմքին, ինքս սկսեցի գոռալ՝ տղան գինովցած է, մի խփեք, արանքներով գնում էի դեպի Պողոսը, հասա այն պահին, երբ մեջքի վրա զուգարանում պառկած էր...»:

Աշխարհի ամենահեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններից մեկը՝ Նյու Յորքում գործող «Հյուման րայթս ուոթչ»-ը անցած տարվա դեկտեմբերի վերջին հրապարակած իր հայտարարությամբ խստորեն դատապարտելով նախագահ Քոչարյանի թիկնապահների կողմից կատարված սպանության գործով մեղադրական եզրակացությունը, վիճարկում է պնդումը, թե ջավախքաբնակ Պողոս Պողոսյանը պատահաբար մահացել է նախագահի Քոչարյանի անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկի հետ ծագած «փոխադարձ քաշքշուքի» հետեւանքով:

«Մեղադրանքը չի համապատասխանում կատարված հանցագործության ծանրությանը եւ հաշվի չի առնում այն, որ հարձակվողները մի քանիսն են եղել: Մեղադրականը խորհրդանշական բնույթ է կրում եւ չարագուշակ ազդակ է Հայաստանի քաղաքացիներին, որ անվտանգության ծառայությունը կարող է սպանել եւ անպատիժ մնալ», - ասել է «Հյուման րայթս ուոթչ» կազմակերպության՝ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով գործադիր տնօրեն Է.Անդերսենը:

Դեպքից անմիջապես հետո, նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարգադրությամբ, մինչեւ գործի քննության ավարտը դադարեցված է անվտանգության նախարարության այն աշխատակիցների ծառայությունը, որոնք դեպքի ժամանակ եղել են «Առագաստ» սրճարանում:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG