Մատչելիության հղումներ

Նույնիսկ այն երեխաները, որ չէին վախենում շներից, հիմա պանիկայի մեջ են. Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչ


Դպրոցական Սաշա Շահվարադյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում շների հարձակումներից տուժած երեխաներից մեկն է, տղան շատ էր վախեցել, նա խորը վնասվածք էր ստացել, որը մինչև այժմ լիովին չի սպիացել։

Մալաթիա-Սեբաստիայի բնակիչ Մարինա Օհանջանյանի խոսքով, իրենց թաղամասում շների հարձակումների դեպքերը վերջին շրջանում շատացել են՝ հասնելով մի քանի տասնյակի։ Օհանջանյանն ասում է, թե չորքոտանիները հունվարից են «ակտիվացել», ամենաագրեսիվներն էլ այն շներն են, որոնք մոտակա մանկապարտեզի տարածքում են բնակություն հաստատել. - «Երեխաները, որ նույնիսկ չէին վախենում շներից, հիմա արդեն բոլորը պանիկայի մեջ են, որովհետև ամենուրեք այդ նույն խնդիրն է։ Կարելի է ասել, որ չկա մի ընտանիք, որ ինչ-որ ձևով տուժած չլինի այդ շների հարձակումներից»։

Մարինայի դստեր վրա էլ են հարձակվել, բարեբախտաբար միայն երեխայի բաճկոնն է վնասվել։

Կնոջ պնդմամբ, իրենց թաղում թափառող կենդանիները չափից շատ են. - «Շենքի բակում էլ։ Երկկողմանի խաղահրապարակով բակ ա, պատկերացրեք, որ էդ ֆուտբոլի դաշտում երեխաներից շատ շներ կան»։

Զրույցին միացավ մի կին, պարզվեց, որ նա կերակրում է թափառողներին շներին։ Կինը, ով ներկայացավ որպես Նունե Գույումջյան, շների կացարանի տնօրեն, պնդեց, թե շներին մի քանի երեխաներ բռնության են ենթարկել, հարվածել են և իրականում կենդանիներն են վախեցած։

Կնոջ խոսքով, հարձակվող շները այլ տեղերից են գալիս և ինքն էլ դրանցից կվախենա, իսկ տեղի չորքոտանիներին կերակրում է, որովհետև խիղճ ունի։

Ամիսներ առաջ ստեղծված թափառող շներին վնասազերծման կենտրոնը անդրադառնալով Մալաթիա-Սեբաստիայից եկող լուրերին՝ օրեր առաջ հայտարարություն տարածեց, թե իրենք աշխատել են արտակարգ ռեժիմով ավելի քան 30 շուն համայնքից տարել են և հետազոտել, կենդանիների մոտ կատաղություն հիվանդություն չեն հայտնաբերել: Շներից մի քանիսին վերադարձրել են նույն տարածքը, իսկ դպրոցներին և մանկապարտեզներին կից տարածքներից հավաքված շները տեղափոխվել են այլ տեղեր՝ հարձակումներից խուսափելու նպատակով։

Կենտրոնը հայտնում է, որ այստեղից բերված և ոչ մի շան էֆթանազիայի չեն ենթարկել։

Կենտրոնի անասնաբույժ Հրաչյա Հարությունյանի խոսքով, շների ագրեսիայի պատճառները տարաբնույթ են , այդուհանդերձ հիմնականը սննդի պակասն է. - «Կենդանիները զուտ իրենց տարածքն են պաշտպանում, որձերը էգերի համար են կռվում, էգերը՝ ձագերի։ Եթե ստերջացված ա արդեն, կարա կերի համար կռիվը լինի»։

Իրենք այժմ կեր ունեն, որը բաժանում են կենդանասերներին։

Ստեղծումից ի վեր կենտրոնում արդեն 3000 շուն է ստերջացվել։ Անզգայացումից ու ստերջամցան վիրահատությունից հետո շների ականջին կլիպս են դակում։

Ի դեպ, լինում են նաև թափառող շներին որդեգրելու դեպքեր։

XS
SM
MD
LG