Այս գիշեր Երևանի կենդանաբանական այգում իրականացված աշխատանքների արդյունքում տարածքում հայտնաբերվել և բռնվել են 5 թափառող շներ։ Այս մասին փոխանցում են Երևանի Կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից:
Շները թմրեցվել են հատուկ հեռահար թմրեցման սարքի միջոցով, տեղադրվել վանդակների մեջ և պահվել Երևանի կենդանաբանական այգու կլինիկայի տարածքում, իսկ այսօր կեսօրին փոխանցվել են «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ աշխատակիցներին, որտեղ արդեն կիրականացվեն հետագա գործողությունները։
Երևանի Կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից հայտնում են նաև, որ այս գիշեր որևէ կենդանու անկում չի գրանցվել:
Հիշեցնենք, նախորդող երկու օրերին շների ոհմակն այգի էր մտել, հոշոտել երեք կենգուրու, իսկ երեկ էլ՝ երեք մուֆլոն։
Երեկ փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը տեղեկացրեց, որ քաղաքապետի հետ խորհրդակցել է ու Երևանի կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել ազատման դիմում գրել։ Սրան հաջորդեց՝ այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի աշխատանքից ազատման դիմումը։