Մատչելիության հղումներ

Կենդանաբանական այգում կենգուրուներ ու մուֆլոններ հոշոտած ոհմակը դեռ վնասազերծված չէ


Կենդանաբանական այգում երկրոդ օրն է լույսը բացվում է արտակարգ լուրով. երեկ շների ոհմակն այգի էր մտել, հոշոտել երեք կենգուրու, իսկ այսօր առավոտյան  աշխատակիցները քրքրված գտել են երեք մուֆլոն:

Երևանի կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանը ասաց, որ շները հոշոտել են այգում ապրող 19 մուֆլոններից երեքին:

Այգու անվտանգության ծառայության տնօրեն Նվեր Փիլոյանն ասում է, որ կենգուրուների սպանդից հետո գիշերը ուժերը կրկնապատկել են, բայց ապարդյուն. շների մի ոհմակին հետապնդել են, մյուսն իր գործն արել-ավարտել է․ - «Երեքը իջնում էին ներքև, վազում էինք, այդ երեքին մինչև դուրս էինք հանում, մնացածը մյուս կողմից էին ներս մտնում: Մինչև սրանց էին հանում, նրանք էին մտնում»:

Այգու աշխատակիցները կարծում եմ, որ շների հավանաբար նույն ոհմակն է կենգուրուների համն առնելուց հետո եկել նույն վայրը, իրենք էլ փորձել են նրանց ցրել՝ բնականաբար առանց զենքի․ - «Ամանները իրար խփելով, իրանք վախում, փախչում էին: Օրենքը չի թույլատրում զենք կիրառել կենդանաբանական այգում»:

Այգում անվտանգություն ապահովողները վստահ չեն, որ կենդանիների սպանդն այս գիշեր էլ չի կրկնվի, քանի դեռ ոհմակը վնասազերծված չէ:

Անշնչացած մուֆլոններն այժմ կլինիկայում են, մինչև փորձաքննություններն ավարտվեն և հաստատվի, որ նրանք շների զոհերն են:

Առավոտյան ֆեյսբուքյան գրառմամբ փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը տեղեկացրեց, որ քաղաքապետի հետ խորհրդակցել է ու Երեւանի կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել ազատման դիմում գրել: Սրան հետևեց տնօրեն Ռուբեն Խաչատրյանի դիմումը:

Խաչատրյանը ֆեյսբուքյան գրառմամբ շեշտել է․ - «Երևանի կենդանաբանական այգու շուրջ վերջին օրերի իրադարձությունները, չհանգստացող կրքերն ու թափառող շների հարձակումները այգում պահվող կենդանիների վրա հաշվի առնելով, չբացառելով դրանում առկա մարդկային գործոնը, սակայն չխախտելով նաև անմեղության կանխավարկածը՝ որոշում եմ կայացրել դադարեցնել Երևանի կենդանաբանական այգու տնօրենի լիազորությունները»:

Ի դեպ, տարիներ շարունակ Ռուբեն Խաչատրյանի հրաժարականն էին պահանջում այգուց հեռացված աշխատակիցները, և այս դեպքում նրանց օգնության հասավ շների ոհմակը։

Արդյո՞ք այս հարձակումներում կա մարդկային գործոն, ինչպես տնօրենն է ակնարկում: Առայժմ պարզ չէ: Բայց այգու միակ զեբրի թունավորման մեջ Ռուբեն Խաչատրյանը մեղադրում էր հենց նախկին աշխատակիցներին:

Վերջին շրջանում այստեղ արտառոց պատմությունները քիչ չեն եղել․ կոկորդիլոսը սատկեց պաշտոնապես բրոնխիտից, վագրը՝ ծանր հիվանդությունից, արջերը կերան փոքրիկ արջուկին, իսկ բեզոարյան այծերը վանդակից դուրս էին եկել, մտել Մյասնիկյան պողոտա ու վթարի ենթարկվել:

Այգու աշխատակիցներն այս ամենը արտասովոր չեն համարում:

Ռուբեն Խաչատրյանի թիմակիցներն այսօր նրա դիմումից հետո տարակուսած էին, շեշտում էին, թե այգու տեսանելի բարեկարգում հենց նրա շնորհիվ է:

«Անձամբ ես եկել եմ այգի միայն հավատալով, որ մենք սարքում են այն այգին, որը մեր երազանքն է», - ասում է Երևանի կենդանաբանական այգու կենդանիների խնամքի բաժնի համակարգող Արտյոմ Մակարյանը:

Խաչատրյանն ինքը այգու վարչական շենքում էր, բայց մեկնաբանություններ չտվեց: Ի դեպ, այն, որ այգին անպաշտպան է և նոր պարսպի կարիք ունի, նա ահազանգում էր ամիսներ շարունակ՝ դեռ բեզոարյան այծերի մահացու փախուստից հետո։ Նա ասում էր, որ այս խնդրով 50 նամակ է գրել քաղաքային նախկին իշխանությանը։

Նոր ցանկապատի հարցը քաղաքային նոր իշխանությունը խոստանում է լուծել եկող տարի: Հայտնի չէ, թե մինչև այդ այգու կենդանական քարտեզից քանի գազանիկ կպակասի:

Թափառող շների ոհմակը դեռևս վնասազերծված չէ: Անփորձանք գիշերվա մաղթանքի կարիք հատկապես եղնիկներն ունեն, նրանք հոշոտված մուֆլոնների ու կենգուրուների հարևաններն են։

XS
SM
MD
LG