Մատչելիության հղումներ

Զոհրաբյան. Հանկարծ որևէ մեկը չմտածի, որ Հրայր Թովմասյանը մեզ համար կինոյի հերոսն է


Ազգային ժողովի (ԱԺ) «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պնդում է՝ շների խոշտանգումները քրեականացնող օրենսդրական փոփոխությամբ շատ կարևոր քայլ են արել: Այս մասին նա նշեց «Ազատության» «Ֆեյսբուքյան» ասուլիսի ժամանակ:

Զոհրաբյանը նախ ուշադրություն հրավիրեց, որ հիմա թափառող շների խնդիրը օրըստօրե աճում է, իսկ իրենց առաջարկած փոփոխությունը միայն վերաբերում է կենդանուն դիտավորյալ խեղելուն, վնասելուն և սպանելուն, այսինքն՝ քրեականացվում է հատուկ դիտավորությամբ վնասումը, ոչ թե օրինակ՝ ինքնապաշտպանությունը:

«Եթե անգամ այս օրենքը չլիներ, ի՞նչ էիք անելու դուք, հարգելիներս, Կալաշնիկովը հանելու էիք, ձեր տնից գնդակահարելո՞ւ էիք շանը: Ինչի՞ համար է այս՝ «Թափառող կենդանիների վնասազերծման» ՀՈԱԿ-ը, իրենք պիտի վերցնեն, տանեն, ստերջացնեն, եթե կենդանին արգեսիվ է, իրենք պիտի մարդասիրական ճանապարհով՝ քնեցնելու միջոցով կենդանուն ոչնչացնեն: Դա է իմ ասածը: Այդ խնդիրը պիտի լուծի այդ ՀՈԱԿ-ը, որը, իմ կարծիքով, այդ խնդիրը չի լուծում: Մենք շատ կարևոր բան ենք արել, որ թույլ չենք տվել փողոցում վերցնել և կենդանուն գնդակահարել», - շեշտեց նա:

Նշենք, որ պատգամավորն օրեր առաջ իր ֆեյսբուքյան էջում բարձրացրել էր այս հարցը՝ գրելով, որ իր ինքը նամակներ է ստանում, թե իր հեղինակած օրինագիծն է պատճառը, որ «թափառող շները այլևս լուրջ վտանգ են բնակիչների համար», ապա նշել, որ իրենց ավագանիներն անսպասելի այցելել են «Թափառող կենդանիների վնասազերծման» կենտրոն, ու մեկ շուն անգամ այնտեղ չի եղել: Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ արձագանքել էր. - «Իհարկե, չեն տեսել, և շատ լավ է, որովհետև ՀՈԱԿ-ը կենդանիների կացարան չէ, այլ վայր, որտեղ կենդանիներին ստերջացնում են, պատվաստում և անմիջապես բաց են թողնում: Եթե ՀՈԱԿ-ի այցելուները կեսօրից հետո տարածքում շատ շներ տեսնեն, դա նորմալ չի լինի, դա կնշանակի, որ հավաքված շները պատշաճ գործողությունների չեն ենթարկվում»:

Պատգամավորը ևս մեկ անգամ ընդգծեց՝ ինքնապաշտպանությունը քրեորեն պատժելի չէ, սակայն հիշատակեց. - «Մենք քանի անգամ ենք դեպքեր տեսել, օրինակ՝ երբ անչափահաս երեխաները կատվին կենդանի վիճակում այրել էին, մաշկահանել և գցել փողոցում. խոսքը դիտավորությամբ խեղելու մասին է»:

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հետաքրքրվել էր, թե համամի՞տ է, որ «Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը ՍԴ-ում և ընդհանրապես որևէ պետական պաշտոնում տեղ չունի, և չեզոքություն պահելով՝ ո՞ւմ է օգնում ԲՀԿ-ն՝ ժողովրդի՞ն, որն ուզում է ազատվել նախկիններից, թե՞ Սերժ Սարգսյանին, որն ուզում է պահպանել իշխանության մի թևը»:

«Այն, ինչ որ արվեց «Հանրապետական» կուսակցության կողմից «Բարգավաճ Հայաստանի» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից 2015 թվականին, երևի որևէ մեկի հանդեպ այդպես քինախնդիր ՀՀԿ-ն չի եղել, ինձ համար այդ էջը փակված չէ, և ես նրանց չեմ ներում: Այնպես որ, եկեք «Հանրապետականին» ու Սերժ Սարգսյանին այն, ինչ որ արել են, հանգիստ թողնենք, իրենք մեզ համար այլևս անդառնալի էպոպեա են քաղաքական իմաստով: Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանին, հանկարծ որևէ մեկը չմտածի, որ Հրայր Թովմասյանը մեզ համար կինոյի հերոսն է կամ մեզ հետաքրքիր է: Ավելին, ուզում եմ հիշեցնել, որ ժամանակին մենք դեմ էինք, երբ հանրապետության նախագահը նրան առաջադրեց ՍԴ դատավորի թեկնածու, ԲՀԿ-ն Ազգային ժողովում քվեարկել է դեմ: Բայց այն պրոցեսը, որ հիմա գնում է, այն հակաիրավական պրոցեսը, սա բացարձակ չեզոքություն չէ, չցանկանալ մասնակցել հակաիրավական գործընթացին, ես կարծում եմ, շատ հստակ դիրքորոշում է: Մենք չենք ուզում մասնակիցը լինել հակաիրավական մի գործընթացի: Ինչ վերաբերում է հանրաքվեին, ապա խնդիր չկա, ես ինքս կողմ կլինեմ, որ ուղիղ ժողովրդավարության կարևորագույն գործիքներից մեկը հանրաքվեն է», - ի պատասխան հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

Նա, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, առաջարկեց հանրաքվեի դնել Ամուլսարի հարցը, ինչպես նաև Ստամբուլյան կոնվենցիան:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

XS
SM
MD
LG