Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովը որոշեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի հետ ցամաքային հաղորդակցությունը


Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովը այսօր կայացած նիստում որոշում է ընդունել Իրանի հետ ցամաքային հաղորդակցությունը երկու շաբաթով դադարեցնելու և օդային հաղորդակցության նկատմամբ ոչ ամբողջական սահմանափակումներ կիրառելու մասին։

Ինչպես իր ֆեյսբուքյան էջում գրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նիստի արդյունքներով որոշվել է նաև Իրանի հետ բեռնափոխադրումներն իրականացնել առանց սահմանափակումների՝ կիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ, որևէ սահմանափակում չկիրառել Հայաստանի և Իրանի քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար։

Բացի այդ, ըստ վարչապետի, որոշվել է «երկու շաբաթվա ընթացքում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հետ լինել սերտ հաղորդակցության մեջ, ամբողջացնել տեղեկությունները ԻԻՀ-ում կորոնավիրուսի տարածման ծավալների վերաբերյալ՝ հետագա անելիքները ճշգրտելու համար»:

Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ կառավարությունը քիչ անց հեռակա նիստով կկայացնի համապատասխան որոշում, որը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից:

«Հարկ եմ համարում արձանագրել, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության ոչ մի դեպք չունենք և հույս ունեմ՝ չենք ունենա: Հայաստանը ունի բոլոր անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական ռեսուրսները կորոնավիրուսի ճշգրիտ ախտորոշման համար», - գրում է Հայաստանի ղեկավարը։

Հիշեցնենք, երեկ վարչապետը հայտնել էր, որ Կառավարությունն Իրանի հետ հաղորդակցությունը երկու շաբաթով դադարեցնելու մասին որոշում կընդունի։

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովը Հայաստանում գործում է հունվարի 31-ից։

Երեկ Իրանում կորոնավիրուսից մահվան ութերորդ դեպքն է գրանցվել: Մահվան ցուցանիշով Իրանը երկրորդն է աշխարհում`Չինաստանից հետո: Ընդհանուր առմամբ, կիրակի օրվա տվյալներով, իրանական հիվանդանոցներում բուժում էր ստանում կորոնավիրուսով հիվանդ 43 մարդ, 785-ն էլ կարանտինի մեջ էին:

XS
SM
MD
LG