Թեհրանում հինգերորդ մարդն է մահացել կորոնավիրուսից: Այդ մասին այսօր հայտնել է երկրի Առողջապահության նախարարը, առանց հստակեցնելու՝ երբ է դեպքն արձանագրվել:
Պաշտոնապես հաղորդվում է՝ այս պահին նոր վիրուսով ախտահարված ևս տասը հիվանդ կա Իրանում, մեծ մասը Քոմ քաղաքում են, որտեղ չինական մի ընկերություն արևային էներգիա արտադրող կայան է կառուցում: Մասնագետները չեն բացառում, որ վարակը Իրան է ներթափանցել ընկերության աշխատակիցների միջոցով, որոնք հաճախ են լինում հայրենիքում:
Սաուդյան Արաբիայի իշխանությունները արգելել են սեփական քաղաքացիներին այցելել Իրան, այս պահին այդ երկրում գտնվողներն, իրենց հերթին, թագավորություն կարող են վերադառնալ 14-օրյա կարանտինից հետո միայն:
Ընդհանուր առմամբ, անցած տարեվերջից սկիզբ առած վարակը Չինաստանում 2300 մարդու կյանք է խլել: Նախօրեին վիրուսից մահվան առաջին դեպքն է արձանագրվել նաև Եվրամիությունում՝ Իտալիայում մահացել է 78-ամյա մի տղամարդ: