Իրանը պաշտոնապես զբաղեցնում է երկրորդ տեղը Չինաստանից հետո կորոնավիրուսից մահացածների թվով: Այսօր Իրանի պաշտոնական աղբյուրները հայտնել են վարակի հետևանքով ևս երկու մահվան դեպքի մասին՝ հաստատելով, որ ընդհանուր առմամբ զոհվել է 4 հոգի:
Կորոնավիրուսով վարակվածների թիվը 18 է, նրանցից 13-ը հայտնաբերվել են մեկ օրում՝ 7-ը՝ Ղոմում, 4 հոգի՝ Թեհրանում, երկուսը՝ Ռեշթում: Վարակվածներ կան ևս երեք քաղաքներում՝ Բաբոլում, Սպահանում և Արաքում (Էրաք):
Իշխանությունները չեն բացառում, որ վարակը տարածված լինի նաև այլ քաղաքներում, վկայակոչելով պաշտոնական աղբյուրները՝ հայտնում է Reuters գործակալությունը: Առողջապահության նախարարության տվյալներով՝ չորեքշաբթի մահացած 2 քաղաքացիները Ղոմի հեռավոր գյուղերի բնակիչներ են, և նրանցից ոչ մեկը ո՛չ Չինաստանում է եղել, ո՛չ էլ իր երկիրն է լքել: Վերջին զոհերի մասին մանրամասներ չեն հաղորդվում:
Ղոմը, որտեղ հայտնաբերվել են մահաբեր վիրուսի առաջին դեպքերը, շիաների հոգևոր կենտրոնն է, գտնվում է մայրաքաղաք Թեհրանից մոտ 140 կիլոմետր դեպի հարավ: Իրանի Առողջապահության նախարարության (ԱՆ) պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանպուրը տեղեկացրել է, որ 735 մարդ էլ գրիպին բնորոշ ախտանիշներով հոսպիտալացվել է տարբեր քաղաքներում:
Երկրի ԱՆ համաճարակային հիվանդությունների գծով գերատեսչության ներկայացուցիչ Մինո Մոհարեզը «Իրնա» գործակալության հետ զրույցում կարծիք է հայտնել, որ կորոնավիրուսն Իրանում կարող էին տարածել չինացի բանվորները, որոնք հաճախ են ժամանում Ղոմ՝ աշխատելու նպատակով:
Անցած տարի դեկտեմբերին Չինաստանում բռնկված մահաբեր վարակի նոր դեպքերի մասին լուրերն Իրանում հաղորդվում են՝ այսօր երկրում մեկնարկած խորհրդարանական ընտրություններին զուգահեռ: Մտավախություն կա, որ այդ հանգամանքը կարող է ազդել քվեարկողների մասնակցության ցուցանիշի վրա:
Ինչպես նկատում են Իրանի հարցերով փորձագետները, երկրի իշխանական վերնախավի համար ընտրությունները լեգիտիմության եզակի աղբյուր են, իսկ մարդկանց մասնակցությունը՝ տարվող քաղաքականությանն աջակցության ցուցիչ: Վերջին տարիներին սոցիալ-տնտեսական աննախադեպ ծանր պայմաններում հայտնված քաղաքացիների՝ ընտրություններին մասնակցության աստիճանը կդիտվի որպես իշխանության նկատմամբ վստահության յուրօրինակ հանրաքվե:
«Ազատության» իրանական ծառայության փոխանցմամբ՝ պարսկալեզու կայքերում, սոցիալական ցանցերում իրանցիներն իշխանություններին մեղադրում են վարակի դեպքերն օրեր շարունակ թաքցնելու մեջ։ Շատերը կասկածներ ունեն, որ կառավարությունը դիտավորյալ չի հայտնել մահաբեր վարակի հայտնաբերման մասին՝ քվեարկության նախաշեմին խուճապից խուսափելու համար, սակայն մահվան դեպքերից հետո ստիպված էր արդեն բարձրաձայնել այդ մասին։ Թե որքանով կորոնավիրուսի տարածման մասին լուրերը կազդեն ընտրողների ակտիվության վրա, հայտնի կդառնա մի քանի ժամից, երբ սկսվի ձայների հաշվարկը:
Իրանցիներն այսօր չորս տարի ժամկետով ընտրում են նոր Մեջլիս, որի 290 տեղի համար պայքարում է ավելի քան 7 հազար թեկնածու: Ընտրությունը հիմնականում կոշտ գծի կողմնակիցների և պահպանողականների միջև է: Փորձագետների կանխատեսումների համաձայն՝ այս ընտրություններում ամենայն հավանականությամբ մեծ առավելություն կունենան Իրանի կոշտ քաղաքականության կողմնակիցները, քանի որ բարեփոխականների բլոկի թեկնածուների մեծ մասին չի թույլատրվել առաջադրվել: