Փետրվարի 21-ին Իրանի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլն է: Բայց արդեն թեկնածուների առաջադրման գործընթացում կանոններ են սահմանված, որոնք նեղացնում, սահմանափակում են առաջադրվելու հնարավորությունները: Երկրի հոգևոր առաջնորդին ենթարկվող 12 անդամներից կազմված մարմինն իրավունք ունի կասեցնելու, չթույլատրելու անցանկալի մարդկանց թեկնածու առաջադրվելը:
Իսլամական հեղափոխությունից հետո սա Իրանի թվով 11-րդ խորհրդարանական ընտրությունն է, և այս անգամ շատ ավելի թեկնածուների գրանցում է մերժվել, քան երբևէ նախկինում։
Հայտեր ներկայացրած ավելի քան 15 հազար հավակնորդների մոտավորապես կեսի՝ 7 հազարի, այդ թվում՝ ներկայիս խորհրդարանի տասնյակ անդամների գրանցումը Պահապանների խորհուրդը մերժել է, նրանք չեն կարող մասնակցել ընտրություններին:
Վերլուծաբանների կարծիքով՝ խորհրդարանում կուժեղանա այաթոլա Ալի Խամենեիի կոշտ քաղաքականության կողմնակիցների վերահսկողությունը:
Բայց շարքային մարդիկ փոփոխություններ են պահանջում: «Մենք շատ անգամ ենք մասնակցել ընտրությունների, բայց ժողովրդի պահանջներն ընտրություններից հետո անտեսվում են», - Reuters լրատվական գործակալությանն ասել է Թեհրանի բնակիչ Մեհրիբանին։
Ավտովերանորոգող վարպետ Բահրամ Բայաթին ասել է, որ ներկայիս խորհրդարանը ոչ մի դրական բան չի արել ժողովրդի համար:
Հայ համայնքից թեկնածու Արա Շավերդյանն ասել է, թե Սահմանադրությամբ փոքրամասնություններ ճանաչված համայնքները հավասար իրավունքներ ունեն: «Նրանք որևէ խնդիրներ չեն ունեցել և կարծում եմ չեն էլ ունենա», - ասել է Շավերդյանը՝ հավելելով, թե հայ համայնքում և հավանաբար կրոնական բոլոր փոքրամասնություններում ոգևություն կա ու ցանկություն՝ ներգրավված լինել երկրի սոցիալական և քաղաքական կյանքում:
Թերություններն ու խնդիրները, մարդկանց ֆինանսական ու կյանքի վատ պայմանները նա բարդել է Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների վրա՝ ասելով, թե այդ խնդիրների լուծումը կառավարության կամ խորհրդարանի ուժերից վեր է:
Ընտրությունների առաջին փուլում բավարար թվով ձայներ ստացած թեկնածուները պայքարը կշարունակեն մայիսին կայանալիք երկրորդ փուլում:
Իրանի խորհրդարանում՝ Մեջլիսում 290 տեղ կա: