Մատչելիության հղումներ

Առաջին անգամ Հայաստան կայցելի Հորդանանի թագավորը


Հորդանանի թագավոր Աբդալա երկրորդն ընդունում է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին, Ամման, 6-ը ապրիլի, 2019թ.
Հորդանանի թագավոր Աբդալա երկրորդն ընդունում է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին, Ամման, 6-ը ապրիլի, 2019թ.

Նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով փետրվարի 10-ին առաջին անգամ երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալա երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմին:

Նախագահական նստավայրում տեղի կունենա Հորդանանի թագավորի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի նախագահ Սարգսյանի և թագավոր Աբդալա երկրորդի հանդիպումը: Երկու երկրների ղեկավարները հանդես կգան նաև «Կրոն և հանդուրժողականություն» թեմայով ելույթով:

Այցի շրջանակում Հորդանանի թագավորը կհանդիպի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նրան կհյուրընկալի Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Աբդալա երկրորդը կայցելի նաև Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

«Աբդալա երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմին մեծ հեղինակություն է վայելում իսլամական աշխարհում, նա Հաշիմյան թագավորական դինաստիայի ներկայացուցիչ է, Մուհամմադ մարգարեի 41-րդ սերնդից, գահ է բարձրացել 1999թ. փետրվարի 7-ին: Նախագահ Սարգսյանը և Հորդանանի թագավորը հանդիպել էին 2019թ. ապրիլին Հայաստանի նախագահի՝ Հորդանան աշխատանքային այցի ընթացքում: Հայաստանի նախագահը հրավիրել էր Հորդանանի թագավորին այցելել Հայաստան», - ասված է նախագահականի հաղորդագրությունում։

XS
SM
MD
LG