Աշխատանքային այցով Հորդանանում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հորդանանի թագավոր Աբդալլահ երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի հետ։
Թագավոր Աբդալլահ երկրորդը, ողջունելով Հայաստանի նախագահին, մեծագույն հարգանքով է խոսել հայ ժողովրդի մասին և նշել, որ երկու երկրների ու բարեկամ ժողովուրդների միջև եղել են շատ խորը կապեր և պատմականորեն ձևավորված բարեկամություն։ Աբդալլահ երկրորդը հատկապես ընդգծել է Հորդանանի հայկական համայնքի կարևոր դերը երկրի կյանքում, ասված է ՀՀ նախագահի գրասենյակի հաղորդագրությունում:
Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար: Ընդգծելով թագավոր Աբդալլահ երկրորդի, ինչպես նաև նրա հոր ջերմ ու բարյացակամ վերաբերմունքը հայերի նկատմամբ՝ Հայաստանի նախագահն ասել է, որ հայ-հորդանանյան բարեկամության լավագույն վկայությունը Հորդանան գետի ափին վեր խոյացող հայկական եկեղեցին է։
Հայաստանի նախագահը և Հորդանանի թագավորը ջերմ ու բարեկամական մթնոլորտում անդրադարձել են երկու երկրների հարաբերությունների զարգացման և փոխշահավետ ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին: Արմեն Սարգսյանի խոսքով՝ երկու երկրներն ունեն բազմաթիվ ընդհանրություններ, հարուստ չլինելով բնական ռեսուրսներով՝ Հայաստանը և Հորդանանը կարևորում ու գնահատում են մարդկային ռեսուրսները։
Հանդիպման մասնակիցները համակարծիք են եղել, որ երկկողմ հարաբերություններում առկա է փոխգործակցության մեծ ներուժ, և երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել տեխնոլոգիաների, կրթության, գիտության, առողջապահության ոլորտներում։
Հորդանանի թագավորն ասել է, որ առաջիկայում Հայաստան կգործուղի պատվիրակություն՝ տեղում փոխգործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով։
Հայաստանի նախագահը հրավիրել է Աբդալլահ երկրորդին այցելել Հայաստան։
Արմեն Սարգսյանն այսօր նաև մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի՝ Մերձավոր Արևելքին և Հյուսիսային Աֆրիկային նվիրված ֆորումի բացման արարողությանը, համաժողովի քնարկումներից մեկի ժամանակ խոսել է Հայաստանի էներգետիկ ռեսուրսների մասին:
Հորդանանի թագավորի և թագուհու աջակցությամբ ու նրանց բարձր հովանու ներքո անցկացվող ֆորումի բացմանը ներկա են եղել երկրների նախագահներ ու կառավարությունների ղեկավարներ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, պետական, գործարար ու քաղաքացիական շրջանակը ներկայացնող ավելի քան 1000 առաջնորդներ։
Հայաստանի նախագահը Հորդանանում հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր և գործադիր նախագահ, հայտնի տնտեսագետ Կլաուս Շվաբի, «Մաջիդ Ալ Ֆութաիմ հոլդինգ» էմիրաթական խոշոր ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ալայն Բեջանիի հետ. ընկերությունների այս խմբի մեջ է մտնում նաև Carrefour Armenia-ն, և Սարգսյանն ու Բեջանին քննարկել են Հայաստանում ընկերության ներկայությունն է՛լ ավելի ընդլայնելու ծրագիրն ու ներդրումային հնարավորությունները։