Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ համազեկուցողները մտահոգություն են հայտնում կառավարություն-ՍԴ լարվածության վերաբերյալ


ԵԽԽՎ համազեկուցողները մտահոգություն են հայտնում հայաստանյան ինստիտուտների միջև լարվածության բարձր մակարդակի վերաբերյալ:

«Մենք շատ մտահոգված ենք Հայաստանի երկու պետական ինստիտուտների՝ Վարչապետի գրասենյակի և Սահմանադրական դատարանի նախագահության միջև լարվածության բարձր մակարդակով», - հայտարարել են ԵԽԽՎ Հայաստանի մշտադիտարկման համազեկուցողներ Անդրեյ Շիրչելը (Սլովենիա, Եվրոպայի ժողովրդական կուսակցության խումբ) և Կիմմո Կիլյունեն (Ֆինլանդիա, Սոցիալիստների, դեմոկրատների և կանաչների խումբ): Հայտարարության տեքստը տեղադրված է ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքում։

«Զսպումներն ու հակակշիռները անհրաժեշտ են ցանկացած ժողովրդավարական համակարգում: Սա ենթադրում է, որ բոլոր ինստիտուցիոնալ ուժերը պետք է գործեն համաձայն օրենքի գերակայության և հարգեն այն իրենց գործողություններով և խոսքով, այդ թվում` անմեղության կանխավարկածի սկզբունքի կապակցությամբ։ Եթե նրանք չեն կարողանում փոխգործակցել այս սկզբունքների համաձայն, նրանք քայքայում են և վնասում միմյանց: Ուստի մեզ մտահոգում են աննախադեպ մակարդակի հասած այս լարվածության այն երկարաժամկետ վնասները, որ կարող են հասցվել ամբողջ դատական իշխանությանը, որի նկատմամբ վստահությունն արդեն իսկ շատ ցածր է», - ասել են համազեկուցողները։

«Մինչ այժմ Կառավարությունն ու Խորհրդարանը հարգել են իրավիճակը կարգավորելու իրավական ընթացակարգերը: Ավելին, իշխանությունները հայցել են Վենետիկի հանձնաժողովի կարծիքը Սահմանադրական դատարանի դատավորների վաղաժամկետ կենսաթոշակի անցնելու մեխանիզմի վերաբերյալ: Համաձայն եվրոպական չափանիշների՝ Վենետիկի հանձնաժողովն ընդգծել է, որ վաղաժամկետ կենսաթոշակի անցնելը պետք է լինի միմիայն կամավոր, և որ այս սկզբունքը պետք է պահպանվի: Որպես համազեկուցողներ, մենք ուշադիր հետևելու ենք, որ Հայաստանի իշխանությունները շարունակեն գործել այս ճանապարհով, նույնիսկ եթե այս մեխանիզմի նպատակը՝ այն է 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների ոգին պահպանելը, թվում է վավեր», - հավելում են նրանք:

Համազեկուցողները նաև նշել են. «Մենք արդեն շեշտել ենք, որ քաղաքական խաղացողները պետք է զերծ մնան գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես դատական համակարգի վրա ճնշման գործադրում: Բացի այդ, մենք կոչ ենք անում բոլոր կողմերին նվազեցնել լարվածությունը»։

«Վերջապես, այս լարվածությունը չպետք է ստվերի Հայաստանում իրականացվող բարեփոխումների անհրաժեշտությունը` լինեն դրանք նախապատրաստական փուլում գտնվող բարեփոխումները, թե բարեփոխումներ, որոնք արդեն մեկնարկել են Եվրոպայի խորհրդի համար հետաքրքրություն ներկայացնող շատ ոլորտներում», - եզրափակում են նրանք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG