Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմինը հայտարարությամբ կոչ է անում իշխանությանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանին «վերջ տալ քաղաքական իշխանության հակաօրինական գործողություններին»՝ կապված Սահմանադրական դատարանի հետ:
Ըստ Դաշնակցության ԳՄ-ի՝ երկրում սահմանադրականությունը ոչնչացնող գործընթաց է տեղի ունենում:
«Ազգային ժողովում քաղաքական մեծամասնության պատգամավորների կողմից («Իմ քայլը») շրջանառության մեջ են դրվել օրինագծեր, որոնցով փորձ է արվում ոչ միայն յուրացնել սահմանադրական դատարանի և երկրի նախագահի լիազորությունները, այլ նաև տապալել երկրի սահմանադրական կարգը», - ասված է հայտարարության մեջ:
ՀՅԴ ԳՄ-ն նաև հորդորում է իշխանություններին զերծ պահել օրենսդիր իշխանության քաղաքական մեծամասնությանը «լիազորությունների չարաշահումից, ջանքեր գործադրել՝ լուծելու երկրի առջև օրեցօր ահագնացող մարտահրավերները»:
«Կոչ ենք անում Հանրապետության նախագահին՝ չսատարել այս հակաօրինական նախաձեռնություններին և հետևել իշխանությունների տարանջատման ու հավասարակշռման սահմանադրական սկզբունքի պահպանմանը», - նշված է հայտարարության մեջ:
Նշենք, որ վաղը Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրելու, որտեղ քննարկվելու են ՍԴ-ին առնչվող նախագծերը: