Ադրբեջանցի ընդդիմադիր և հակակոռուպցիոն բլոգեր Մեհման Հուսեյնովը հայտարարել է, որ նախօրեին ինքը և ևս 5 մարդ Բաքվում ոստիկանների կողմից ձերբակալվել են, ծեծի են ենթարկվել, ինչից հետո ազատ են արձակվել:
Հուսեյնովի պնդմամբ՝ դեկտեմբերի 27-ին ուշ երեկոյան ոստիկանները մոտեցել են, հարցրել են, թե արդյոք Հուսեյնովը և նրա ընկերները բողոքի ակցիա են ծրագրում, պահանջել են ցույց տալ պաստառներն, ապա ուժով տարել են անհայտ վայր, որտեղ ծեծի են ենթարկել:
Հուսեյնովը վերջերս առաջադրվել է տեղական ընտրություններում և պնդել է, որ իշխանությունները կեղծել են դրանց արդյունքները:
Հուսեյնովը երկու տարվա բանտարկությունից հետո այս տարվա մարտին ազատ է արձակվել: Նրան դատապարտել են ոստիկաններին զրպարտելու մեղադրանքով:
Հուսեյնովի հետ տեղի ունեցած վերջին միջադեպի կապակցությամբ մտահոգություն է հայտնել ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրը:
Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը երեկ հայտարարել է, որ ձերբակալվելու և ծեծի ենթարկվելու մասին Մեհման Հուսեյնովի պնդումներն ամբողջովին հորինված են:
«Դա կեղծիք է, դա իրականությանը չի համապատասխանում»,- հայտարարել է Ադրբեջանի ՆԳ խոսնակը: