Մատչելիության հղումներ

Արսեն Թորոսյան. 99,9 տոկոս հավանականությամբ կարող ենք ասել, որ այս պահին կորոնավիրուսի որևէ դեպք չունենք Հայաստանում


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվն օր-օրի ավելանում է, Չինաստանից դուրս՝ այլ երկներում ևս արդեն վարակվածներ կան։

Ինչպես «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ Հայաստանը փետրվարի 1-ից մինչև մարտի 31-ը ժամանակավորապես կասեցնում է Չինաստանի քաղաքացիների համար առանց վիազայի ռեժիմը։

Ավելի վաղ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պարզաբանել էր, որ սահամափակումը չի տարածվի Չինաստանում գնտվող Հայաստանի քաղաքացիների վրա. - «Սակայն մենք ի սկզբանե տեղեկանալով մեր քաղաքացիների վերադարձման օրերի, պայմանների, ինքնաթիռի թռիչքների մասին, իրանց միանգամից վերցնելու ենք հսկողության տակ, որպեսզի եթե կլինիկական ախտանիշներ ի հայտ գան, զբաղվենք նրանց բուժումով և փորձենք կանխարգելել վարակի տարածումը»։

Իսկ ի՞նչ իրավիճակ է Հայաստանում։ Առողջապահության նախարարի խոսքով, այս պահին 99,9 տոկոս հավանականությամբ կորոնավիրուսի որևէ դեպք չկա. - «Թե՛ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք վերադարձել են Չինաստանից և ունեցել են կլինիկական ախտանշաններ՝ ջերմություն, փռշտոց, հազ, թե՛ Չինաստանի այն քաղաքացիները, որոնք ունեցել են նման ախտանիշներ, նրանց մոտ կորոնավիրուսին բնորոշ կլինիկա չի եղել։ Նրանցից որոշների մոտ հայտնաբերվել է սովորական գրիպի վիրուս, որոշների մոտ այլ ինֆեկցիաներ»։

Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ։ Հանձնաժողովի նախագահի տեղակալն է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ Հայաստան կբերվեն կորոնավիրուսի ախտորոշման թեստերը. 200 թեստ են պատվիրել. - «Երկրների մեծ մասում այդ հիվանդությունն այս պահին հնարավոր չէ ախտորոշել, որովհետև թեստերը նոր են մշակվել և նոր են արտադրվում, և մենք առավոտյան ստացանք առաջին հաստատումը, որ կարող ենք գնել տեստ»։

Արսեն Թորոսյանի խոսքով, թեստերը Հայաստանում կլինեն առաջիկա օրերին։ Իսկ մինչ այդ վստահեցնում է. - «Հենց այսօր, այս պահին, հանդիպում է գնում Երևանի բոլոր պոլիկլինիկաների տնօրենների հետ՝ հրահանգավորելու նոր մարտահրավերից պաշտպանվելու առումով»։

Չինաստանի Սիան քաղաքից Հայաստան ժամանած Էրիկ Խաչիկյանը երեկ «Ազատությանը» պատմել էր, որ ինքը անվտանգության համար դիմել է Հանրապետական «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկա, սակայն աշխատակիցներն իմանալով, որ նա Չինաստանից է, դուրս էին հրավիրել։ Էրիկը մտահոգ է նաև. Հայաստանում դեռ չեն կարողանում ախտորոշել՝ ինքը վարակված է, թե ոչ։ Միայն արտաքին նշաններով են հասկանում՝ ինքն առողջ է։

Առողջապահության նախարարը զարմացած է, որ քաղաքացիներին նման կերպ են ընդունել. - «Ես կխնդրեմ ինձ էդ պոլիկլինիկայի անունը հիմա ասեք, որովհետև եթե Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկա է, ապա քաղաքապետարանին կխնդրենք միջոցներ ձեռնարկել, իսկ եթե մեր ենթակայության է, մենք միջոցներ կձեռնարկենք։ Նման բաները անթույլատրելի են»։

Նախարարն այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում հայտարարեց՝ և՛ օդակայանում, և՛ անցակետերում ուժեղ վերահսկողություն է սահմանվել։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցներին նաև Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետներն են միացել։ «Զվարթնոց» օդակայանում ջերամչափվում են բոլոր ուղևորները։ Իսկ Չինաստանից ժամանածները նաև հատուկ ձևաթուղթ են լրացնում, և կասկածների դեպքում այդ քաղաքացիները 14 օր բժիշկների ուշադրության կենտրոնում կլինեն։

Կորոնավիրուսից զոհերի թիվն արդեն անցել է 200-ից, վարակված են գրեթե 10 հազարը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է հայտարարել։ Վերջին տվյալներով, վարակման դեպքերն են արձանագրվել անգամ Ռուսաստանում և աշխարհի մի շարք երկրներում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG