Երևանի ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցության ավելի քան 3 ժամ տևած նիստից հետո Հենրիկ Հարթենյանը գործընկերների հորդորով վայր դրեց իր մանդատը։
Այսօրվա հրատապ նիստը հրավիրվեց այն բանից հետո, երբ ավագանու արդեն նախկին անդամը, ով նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, Ֆեյսբուքի իր էջում «Սառա Թովմասյան» օգտատիրոջ ֆեյսբուքյան էջի նկարն էր տեղադրել ու կից գրել. «Հրայր Թովմասյանի աղջկա ֆեյսբուքն է, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»։ Նկարի հրապարակմանը նախորդել էր վարչապետի և Սահմանադրական դատարանի նախագահի հեռակա թեժ բանավեճը:
Ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանն ասաց, որ իրենց գործընկերոջ արարքը նիստի ընթացքում դատապարտել են ու հորդորել են հրաժարվել մանդատից. - «Երեկ խմբակցությունը հայտարարություն տարածեց, որում որ դատապարտեցինք երևույթը։ Այսօր քննարկման ժամանակ խմբակցության անդամները վերահաստատեցին իրենց դիրքորոշումը այդ հարցի հետ կապված: Վերահաստատեցինք, որ դա մեր արժեհամակարգին հարիր չէ, դա մեր որդեգրած սկզբունքներին դեմ է։ Եվ հավատարիմ մնալով այդ սկզբունքներին՝ խնդրեցինք, հորդորեցինք պարոն Հարթենյանին, որ հրաժարվի մանդատից»։
Հենրիկ Հարթենյանը 2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ Կուսակցության վերահսկող հանձնաժողովը ևս անընդունելի է համարում կուսակցության անդամի ֆեյսբուքյան գրառումը: Հանձնաժողովի հայտարարության մեջ ասված է. «Ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը խիստ դատապարտելի են: Միջադեպը կքննվի վերահսկող հանձնաժողովում»։
Կուսակցության վերահսկող հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Սոնա Ղազարյանն ասաց, որ իրենց հանձնաժողովի նիստը այս շաբաթ տեղի կունենա, իսկ կուսակցությունից հեռացնել-չհեռացնելու որոշումը կարող է կայացնել կուսակցության վարչությունը:
Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանն էր արձագանքել տեղի ունեցածին՝ նշելով, որ խստորեն դատապարտելի և բացարձակ մերժելի է Երևանի ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանի արարքը։
Մանրամասները տե՛ս այստեղ