Մատչելիության հղումներ

Հրայր Թովմասյանի վարքագիծը Տիգրան Եգորյանը ՍԴ պաշտոնյայի համար անպատվաբեր է համարում


Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանն անհիմն է համարում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի այն թեզը, որ իր բնակարանում կատարված խուզարկությունն ու հարուցված քրեական գործը իրեն հրաժարական պարտադրելու նպատակով են արվում:

Այս թեմային, ինչպես նաև Մարտի 1-ի գործով դատական նիստերի պարբերաբար հետաձգմանը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» ընթացքում Հրայր Թամրազյանի հետ զրույցում անդրադարձել է Եգորյանը:

Ստորև՝ հատվածներ հարցազրույցից.

«Ազատություն». - Փաստորեն, այդպես էլ դատական նիստերը չեն հասնում Մարտի 1-ի քրեական գործի բուն գործի քննությանը, մինչև այժմ ամեն ինչ պտտվում է դատավարական գործընթացի, կարելի է ասել, տեխնիկական հարցերի կողմի շուրջ՝ միջնորդություն միջնորդության հետևից, իսկ վերջին 2 նիստերն էլ հետաձգվեցին փաստաբանների բացակայության պատճառով, և թվում է, թե միշտ էլ փաստաբանները կարող են առիթ գտնել գործի բուն քննությունը հետաձգելու համար. դրա համար կան բազմաթիվ գործիքներ: Ի՞նչ կարող եք ասել այս մասին:

Տիգրան Եգորյան. - Դե իհարկե, հնարավոր է տարբեր գործիքների միջոցով ձգձգել, բայց, իհարկե, ձգձգումները չեն կարող լինել անվերջ, և այն, որ հիմա արդեն ականատես ենք լինում այս մեթոդներին, խոսում է այն մասին, որ իսկապես ճիշտ էին այն կանխատեսումները և այն գնահատականները, որ հիմնական գործընթացը այս դատական նիստերի դահլիճում չէ, որ տեղի է ունենում, և այս գործի հետ կապված պաշտպանական կողմի կամ Քոչարյանի հույսերը բոլորովին այլ կենտրոն ունեն, և ըստ էության կարելի է արձանագրել, որ այդ կենտրոնը Սահմանադրական դատարանում գործող այն անդամների խումբն է, որոնք այսօր ի զորու են ավարտել այս գործը իրենց մեկ որոշմամբ: Այդ որոշման համար անհրաժեշտ է ընդամենը, որ հնարավորինս շուտ ստացվի Եվրոպական դատարանից որևէ կարծիք, որպեսզի նրանք հնարավորություն ունենալ վերսկսելու այստեղ գործի վարույթը և կայացնելու որոշում: Անթաքույց դրա մասին խոսեց նաև Հրայր Թովմասյանը՝ ասելով, որ ամենայն հավանականությամբ այս 2 ամսվա ընթացքում գործ ունենք քննելու, և դրա հետ է պայմանավորված՝ այսպես փորձելով իր հետ տեղի ունեցողը և վաղ կենսաթոշակի հետ կապված օրենքը կապել դրա հետ՝ այդպես ավելի քաղաքական աստառ հաղորդելու համար: Այնպես որ, ամեն ինչ հասկանալի է, կարծում եմ:

«Ազատություն». - Ինչքա՞ն կարող է այսպես ձգձգվել: Հասկանում ենք, որ ժողովրդավարական երկիր է, և օրենդրությունը թույլ է տալիս պաշտպաններին օգտագործել բոլոր հնարավոր մեթոդները իրենց պաշտպանյալի կամքը կատարելու համար: Այդպե՞ս է, թե՞ ոչ:

Տիգրան Եգորյան. - Ես կպատասխանեմ ոչ և կպարզաբանեմ: Օրենքը և իրավունքը, այո, թույլ է տալիս բավական ընդգրկուն միջոցներ և գործիքներ կիրառել պաշտպանության և առհասարակ դատավարության գործընթացներում, բայց դրանք ունեն շատ կոնկրետ սահմաններ, օրինակ՝ խափանման միջոցի հետ կապված հարցի վերաբերյալ ունենք որոշակի սահմանափակումներ, որոնք կանխում են այդ հնարավորությունը՝ ամեն դատական նիստին ներկայացնելու նման միջնորդություն կամ առնվազն տալիս են հնարավորություն դատարանին գերի չընկնել այդպիսի ամեն նիստին ներկայացված միջնորդության կապակցությամբ, որը կլինի նույնաբովանդակ և հենված նույն փաստերի և փաստարկների վրա: Այս մասով լիմիտը սպառվել էր այդ խափանման միջոցների: Ես ուղղակի ուզում եմ հիշեցնել, որ այդ խափանման միջոցների վերաբերյալ միջնորդությունների նոր ալիքներով, նոր փուլերով ներկայացման հնարավորությունն ընծայել էր հենց Սահմանադրական դատարանը իր երկու որոշումները՝ մեկը այս գործի հետ կապված որոշմամբ, մյուսը՝ բոլորովին այլ գործով՝ գրավը որպես ինքնուրույն խափանման միջոց դիտարկելու վերաբերյալ, որն օգտագործվեց այս գործով:

«Ազատություն». - Հրայր Թովմասյանն ուրբաթ իր տանը կատարված խուզարկությունից հետո ասաց, որ այս ամենը կատարվում է իրեն ՍԴ-ից հեռացնելու համար, այսինքն՝ քաղաքական հետապնդում է սա համարում: Դուք ինչպե՞ս եք սա մեկնաբանում:

Տիգրան Եգորյան. - Սա, ըստ էության, այն պաշտպանական գիծն է, որն ընտրել է Հրայրը Թովմասյան, և սա այնքան անհիմն մի թեզ է, որ նույնիսկ ինքը չի կարողանում պատճառաբանել դա, և ինքն իրեն համարելով դատավոր նույնիսկ այնքան խոհեմություն և լրջություն չունի, որ խորանա հենց կոնկրետ առաջադրված մեղադրանքի բովանդակության մեջ: Եվ հենց, օրինակ, եթե համարում է, որ նա որևէ կերպ առնչություն չունի, և այս գործն, ըստ էության, շինծու գործ է, հենց իր այդ գործին իր մասնակցությամբ ապացուցի: Բայց ի՞նչ է նա անում, նա հայտարարում է, որ սա քաղաքական հետապնդում է, այդ պատճառով էլ ես ցուցմունք չեմ տալիս, այ սրա վերաբերյալ ես առանձնապես շատ կարծիքներ չեմ ուզում հայտնել, որոհետև վաղը կարող է որպես Սահմանադրական դատարանի դատավոր քննարկեմ այս գործը:

Հասկանո՞ւմ եք՝ ինչի մասին է խոսքը, այս մարդը պատկերացնում է, որ սա մի հնարավոր պոզիցիա է, որն առավելագույնս կապահովի իր պաշտպանությունը, բայց իրական, բովանդակային որևէ քայլ չի իրականացնում և դեռ մի բան էլ սպառնում է, որ իր նկատմամբ եղել են այնպիսի սպառնալիքներ, որոնք ակնհայտ քաղաքական բնույթի են, բայց դրանց մասին ես հիմա չեմ հաղորդի: Սա ուղղակի կողքից դիտող որևէ մեկի համար, ով այս բովանդակությունը չգիտի, Սահմանադրական դատարանում գործող որևէ պաշտոնյայի համար այնքան անլուրջ ու անպատվաբեր մի վարքագիծ է, և այնքան անպատասխանատու մի վաքագիծ է, սրանից ավել մեկնաբանություններն ուղղակի անտեղի ու հեռուստատեսային եթերի քննարկումներ չեն

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի հունվարի 26-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG