Մատչելիության հղումներ

«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած Թորոսյանը չի ընդունում մեղադրանքը


«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած ու պատանդ վերցրած Արթուր Թորոսյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը «Ազատությանը» փոխանցեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։

Այդուհանդերձ, ըստ պաշտպանի, երիտասարդն ընդունում է, որ փաստացի հունվարի 23-ին բիզնես կենտրոնում գործողություններն ինքն է կատարել։

«Բայց ամբողջ հարցն այն է, որ Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածն ունի խրախուսական նորմ, համաձայն որի եթե պատանդ վերցրած անձը կամովին ազատում է պատանդին և հրաժարվում է իր պահանջից, ապա նա ենթակա չէ քրեական պատասխանատվության», - պարզաբանեց Աղաջանյանը։

Փաստաբանի փոխանցմամբ, 32-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել միայն Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով պատանդ վերցնելու և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով։

Ավելի վաղ քրեական գործով հարուցված ևս մեկ մեղադրանքը երիտասարդին չի առաջադրվել. - «Նախաքննության ընթացքում պարզվել է, որ զենքը ձեռք է բերվել օրինական ճանապարհով 2020 թվականի հունվարի 7-ին կամ 8-ին, այդ իսկ պատճառով մեղադրանք առաջադրելու ժամանակ զենքն ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու կամ փոխադրելու մեղադրանքն իրեն չի առաջադրվել»։

Զենքը երիտասարդը հանձնել էր ոստիկաններին՝ ոստիկանապետի պաշտոնակատարի հետ բանակցությունների արդյունքում։

«Մեր թիվ մեկ խնդիրը առանց որևէ միջադեպի, առանց վիրավորի, առանց զոհի էդ մարդուն տվյալ տարածքից դուրս բերելն էր», - ասել էր ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։

Նրան ոստիկանություն էին տեղափոխել ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի մեքենյաով, իսկ թե ինչու հենց անձամբ նա էր բանակցում երիտասարդի հետ, ոստիկանապետի պաշտոնակատարն այսօր պարզաբանեց. - «Իրավիճակից բխող գործողություններ երբեմն լինում են։ Այդ պահին ստացվեց այդպես։ Եթե գտնվել եմ այդտեղ, ենթադրում եմ, չէի կարող թողնել, որպեսզի մեկ ուրիշը խոսեր»։

Հարցին, թե ինչու Թորոսյանին առանց ձեռնաշղթաների տարան ոստիկանություն այն դեպքում, երբ եղել են դեպքեր, որ նույնիսկ վկաներին են ձեռնաշղթաներով տարել, Արման Սարգսյանը պատասխանեց. - «Նույն ինտերնետում հայտնվեցին կադրեր, որտեղ ես իրեն խոստանում իր, որ առանց ձեռնաշղթաների։ Դա բանակցության պայմաններից մեկն էր։ Ենթադրում եմ, անկախ դիմացինի ով լինելու հանգամանքից՝ նաև տղամարդու խոսքը պետք է պահվի։ Ես այդ պահին առաջնորդվել եմ այդ տրամաբանությամբ։ Եվ առհասարակ, խնդիրը դրված էր, որպեսզի ինքը որևէ մեկին վնաս չտա։ Հիմա ձեռնաշղթաներով կտեղափոխվեր, թե առանց՝ արդյունքում մեր վերջնանպատակը իրեն տեղափոխելն էր, ինչը իրականացվեց»։

Իսկ թե ինչն երիտասարդին նման քայլի դիմել կամ ինչ պահանջներ էր նա ներկայացրել, նրա փաստաբանը չի մանրամասնում՝ ասելով, որ դրանք նախաքննության ընթացքում նպատակահարմար չի գտնում հրապարակել։

«Էրեբունի պլազա»-ի աշխատակիցներից մեկը, որը չցանկացավ տեսանկարահանվել, ասաց, թե երիտասարդը պատանդ է վերցրել բիզնես կենտրոնի աշխատակիցներից մեկին ու պահանջել երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին։ Թե ինչու հենց նրան, աշխատակիցը չգիտի, միայն պահանջն են լսել։

Իսկ մինչ այդ լրատվամիջոցներն արդեն գրել էին, թե երիտասարդն իր չստացած աշխատավարձի համար էր եկել։

Քոչարյանի գրասնեյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ այսօր մեզ չհաջողվեց կապ հաստատել. նրա հեռախոսահամարն անհասնելի էր։

Արթուր Թորոսյանը 2017-ից մինչև 2019 թվականի հոկտեմբերն աշխատել է անվտանգության ծառայություններ մատուցող «Բերկուտ» ընկերությունում՝ որպես պահնորդ։ Աշխատանքից դուրս է եկել սեփական դիմումի համաձայն։ Պահնորդի որակավորում ստանալու համար էլ քննություն է հանձնել ոստիկանությունում։

Ընկերության տնօրեն Վահագն Հարությունյան ասաց, որ քննություն հանձնելուց առաջ նա նարկոդիսպանսերից ու հոգեբուժարանից տեղեկանք է ներկայացրել, որ հաշվառված չէ։ Հարությունյանը Թորոսյանին բնորոշում է որպես «բավականին գրագետ, հանգիստ բնավորության տեր»։

Արթուր Թորոսյանն արդեն կալանավորվել է։ Էդուարդ Աղաջանյանը տեղեկացրեց, որ ինքը պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը։

XS
SM
MD
LG