Մատչելիության հղումներ

«Էրեբունի Պլազա»-ում կրակոցներ արձակած տղամարդը ձերբակալվել է, հարուցվել է քրեական գործ


«Էրեբունի Պլազա»-ում կրակոցներ արձակած տղամարդը տեղափոխվում է ոստիկանության ավտոմեքենա Հայաստանի ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի ուղեկցությամբ, Երևան, 23 հունվարի, 2020թ.
«Էրեբունի Պլազա»-ում կրակոցներ արձակած տղամարդը տեղափոխվում է ոստիկանության ավտոմեքենա Հայաստանի ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի ուղեկցությամբ, Երևան, 23 հունվարի, 2020թ.

Ո՞վ է կրակոցներ հնչեցրել «Էրեբունի Պլազա»-ում և ինչո՞ւ, ոստիկանությունից դեռ չեն մանրամասնում։ Ոստիկանությունը կրակոցների վերաբերյալ ահազանգը 14.40-ի սահմաններում էր ստացել, ու դրանից հետո անմիջապես օպերատիվ խմբեր էին մեկնել։

Բիզնես կենտրոնի տարածքը տևական ժամանակ շրջապատված էր ոստիկաններով։ Ավելի ուշ հայտնի դարձավ՝ տեղում են նաև ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանն ու Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը։ Ոստիկանապետի պաշտոնակատարն անձամբ էր բանակցում զինված տղամարդու հետ։

Ըստ պաշտոնկաան հաղորդագրության` բանակցությունների արդյունքում է զինված քաղաքացին զենքը հանձնել ոստիկաններին ու տեղափոխվել ոստիկանություն: Թե ինչն է դրդել տղամարդուն նման քայլի, այս պահին դեռ ոչ մի խոսք։ Գերատեսչությունից հայտնել էին, որ տուժածներ կամ պատանդներ չեն եղել, ավելի ուշ բիզնես կենտրոնից դուրս եկող քաղաքացիների մեծ մասը խուսափեց որևէ բան ասել դեպքի վերաբերյալ, նրանց մի մասն անգամ ասում էր, թե կրակոցների ձայն չեն լսել, ասում են՝ դեպքի մասին մոտ 15 րոպե հետո են իմացել:

«Էրեբունի Պլազա»-ում են գտնվում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը, ինչպես նաև նրա անվան հետ կապվող «5-րդ ալիք» հեռուստաընկերությունն ու Yerevan.today կայքի խմբագրությունը։ Լրատվամիջոցի լրագրողներից Լուիզա Ավագյանը պատմեց՝ ինքը լսել է կրակոց, մինչ այդ էլ առաջին հարկում էլ զենք է նկատել, երբ պետք է դուրս գար վերելակից. - «Լիֆտը բացվեց, ես ավտոմատը տեսա մեծ, պատի հետևում էր, դրանից հետո լիֆտը սեղմեցի, որ բարձրանամ 5-րդ հարկը, լիֆտը փակվեց, ու կրակոցը լսեցի, ընդամենը դա է եղել, ոչ իրեն եմ տեսել, ոչ մի բան, մենակ զենք եմ տեսել»:

Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն էլ լրագրողների հետ զրույցում հայտնեց՝ երբ միջադեպը տեղի է ունեցել, գրասենյակում մարդ չի եղել, ընդմիջման էին. - «Հետո, իհարկե, չենք կարողացել վերադառնալ և մտնել գրասենյակ, որովհետև արդեն ոստիկանությունը շրջափակել էր: Որքանով է այս միջադեպը կապված նախագահ Քոչարյանի գրասենյակի հետ, կամ ինչքանով է դա մեզ ընդհանրապես առնչվում, ես դա հիմա չգիտեմ, ես կգերադասեմ տեղեկություններն ամբողջացնել»:

«5-րդ ալիք»-ի լրագորղներից մեկն էլ «Ազատության» հետ զրույցում պատմեց, որ խմբագրությունում կրակոցների ձայներ չեն լսել, դեպքի մասին իմացել են, երբ խմբագրություն խուճապահար մի քաղաքացի է մտել։ Բիզնես կենտրոնի հարևանությամբ էլ Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակն է. այնտեղից «Ազատությանը» հայտնել էին, որ համաձայն իրենց անվտանգության չափանիշների՝ տարածքից տարհանվել են բոլոր մարդիկ։

Կրակոցների միջադեպից որոշ ժամանակ անց վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց․ «Բռնության որևէ դրսևորում, որևէ պատճառով կամ հիմնավորմամբ անընդունելի է: Ո՛չ բռնությանը: Հայաստանն առանց բռնության»:

Ավելի ուշ Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը տեղեկացրել է, որ այդ միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել երեք հոդվածներով՝ զենքի գործադրմամբ և կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով երկու կամ ավելի անձանց պատանդ վերցնելու, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու կամ փոխադրելու, ինչպես նաև գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար: 1987 թվականին ծնված տղամարդը ձերբակալվել է: Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ գործը քննվում է Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում:


XS
SM
MD
LG