Մատչելիության հղումներ

«Էրեբունի Պլազա»-ում կրակոցներ արձակած տղամարդը տեղափոխվել է ոստիկանություն


«Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնը` շրջապատված ոստիկաններով, Երևան, 23 հունվարի, 2020թ.
«Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնը` շրջապատված ոստիկաններով, Երևան, 23 հունվարի, 2020թ.

«Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում կրակոցներ արձակած զինված տղամարդու հետ բանակցություններ է վարել ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը, ինչից հետո անձը հանձնել է հրազենը։ Այս մասին քիչ առաջ հայտնեցին ոստիկանության լրատվության բաժնից:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ տղամարդը ոստիկանության պետի պաշտոնակատարի ուղեկցությամբ նրա ծառայողական մեքենայով տեղափոխվել է ոստիկանություն։ Վնասվածքներ ստացած քաղաքացիներ չկան։

Հաղորդվում է նաև, որ դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։

Ավելի վաղ ոստիկանությունը բացել էր «Էրեբունի Պլազա» տանող ճանապարհը: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը լրագրողներին հայտնել էր, որ իրավիճակը վերահսկելի է:

Հիշեցնենք, որ ոստիկանությունն այսօր՝ ժամը 14.40-ին, ​ահազանգ էր ստացել, որ «Էրեբունի Պլազա» հյուրանոցում զինված անձ կա։ Ոստիկանությունից «Ազատությանը» հայտնել էին, որ դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։

«Էրեբունի Պլազա»-ում են տեղակայված Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը, «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը։

Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը դժվարացավ ասել՝ գրասենյակին առնչվում է արդյոք միջադեպը՝ ընդգծելով, որ «Էրեբունի Պլազա»-ում գործում են բազմաթիվ հիմնարկներ։

«Էրեբունի Պլազա»-ի հարակից շենքում տեղակայված ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում «Ազատության» աղբյուրը տեղեկացրեց, որ գրասենյակի հիմնական աշխատակազմին և հյուրերին տարհանել էին։

Ավելի ուշ ՄԱԿ-ի հաղորդակցությունների բաժնի համակարգող Մարիամ Ալիխանովան «Ազատությանը» փոխանցել է. - «Դեպքից հետո մեզ էլ տեղեկացվել է այդ մասին, գործել են ՄԱԿ-ի անվտանգության ստանդարտ միջոցառումները, աշխատակազմը և հյուրերը տարհանվել են, այդ ամենը իրականացվել է Ոստիկանության հետ կոորդիանացիայով: Դեռ գործում է անվտանգության միջոցառումների ռեժիմը»:​

XS
SM
MD
LG