Մատչելիության հղումներ

Կրակոցներ «Էրեբունի Պլազա»-ում. օպերատիվ խմբերը դեպքի վայրում են, ընթանում են բանակցություններ


«Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնը շրջապատված է ոստիկաններով, Երևան, 23 հունվարի, 2020թ.
«Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնը շրջապատված է ոստիկաններով, Երևան, 23 հունվարի, 2020թ.

Ոստիկանությունն ահազանգ է ստացել Երևանի կենտրոնում՝ «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում հնչած կրակոցների վերաբերյալ։ Ոստիկանությունից «Ազատությանը» հայտնեցին, որ դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։

«Էրեբունի Պլազա»-ում են տեղակայված Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը, «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը։

Քիչ առաջ ոստիկանությունը հաղորդագրությամբ տեղեկացրեց, որ այսօր՝ ժամը 14.40-ին, ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի Պլազա» հյուրանոցում զինված անձ կա։

«Անմիջապես դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։ Կատարվում են անհետաձգելի աշխատանքներ։ Ընթանում են բանակցություններ», - ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:​

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս պահի դրությամբ պատանդներ չկան. - «Ընդամենը ասում եմ, որ այս պահին իրավիճակը վերահսկելի է, որևէ խնդիր չկա: Հանգամանքները կպարզվեն, լրացուցիչ կտեղեկացնենք», - ասաց նա:

Աշոտ Ահարոնյանը նաև փոխանցեց, որ այս պահին ներսում գտնվողներն անվտանգության մեջ են:

Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը դժվարացավ ասել՝ գրասենյակին առնչվում է արդյոք միջադեպը, ընդգծելով, որ «Էրեբունի Պլազա»-ում գործում են բազմաթիվ հիմնարկներ։

«Ենթադրում եմ, որ իրավապահ մարմինները կտան հաղորդագրություն», - լրագրողների հետ զրույցում նշեց Սողոմոնյանը՝ շարունակելով. - «Երբ որ կլինի իրադարձությունների նկարագիր, և այդտեղից ես կկարողանամ պարզել, թե որքանով է այս իրադարձությունը առնչվում մեր գրասենյակին, որը, նորից եմ կրկնում, այս բիզնես կենտրոնի բազմաթիվ հիմնարկներից մեկն է, եթե մեզ առնչվում է, ես անպայման ձեզ տեղեկություններ կհայտնեմ կամ կմեկնաբանեմ»։

«Էրեբունի Պլազա»-ի հարակից շենքում տեղակայված ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում «Ազատության» աղբյուրը տեղեկացրեց, որ գրասենյակի հիմնական աշխատակազմին և հյուրերին տարհանել են։

Ավելի ուշ ՄԱԿ-ի հաղորդակցությունների բաժնի համակարգող Մարիամ Ալիխանովան «Ազատությանը» փոխանցեց. - «Դեպքից հետո մեզ էլ տեղեկացվել է այդ մասին, գործել են ՄԱԿ-ի անվտանգության ստանդարտ միջոցառումները, աշխատակազմը և հյուրերը տարհանվել են, այդ ամենը իրականացվել է Ոստկանության հետ կոորդիանացիայով: Դեռ գործում է անվտանգության միջոցառումների ռեժիմը»:​

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG