Մատչելիության հղումներ

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը մանդատը վայր է դրել


«Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյան
«Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյան

Երևանի ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցության ավելի քան 3 ժամ տևած նիստից հետո Հենրիկ Հարթենյանը գործընկերների հորդորով վայր դրեց իր մանդատը։

Այսօրվա հրատապ նիստը հրավիրվեց այն բանից հետո, երբ ավագանու արդեն նախկին անդամը, ով նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, Ֆեյսբուքի իր էջում «Սառա Թովմասյան» օգտատիրոջ ֆեյսբուքյան էջի նկարն էր տեղադրել ու կից գրել. «Հրայր Թովմասյանի աղջկա ֆեյսբուքն է, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»։ Նկարի հրապարակմանը նախորդել էր վարչապետի և Սահմանադրական դատարանի նախագահի հեռակա թեժ բանավեճը:

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանն ասաց, որ իրենց գործընկերոջ արարքը նիստի ընթացքում դատապարտել են ու հորդորել են հրաժարվել մանդատից. - «Երեկ խմբակցությունը հայտարարություն տարածեց, որում որ դատապարտեցինք երևույթը։ Այսօր քննարկման ժամանակ խմբակցության անդամները վերահաստատեցին իրենց դիրքորոշումը այդ հարցի հետ կապված: Վերահաստատեցինք, որ դա մեր արժեհամակարգին հարիր չէ, դա մեր որդեգրած սկզբունքներին դեմ է։ Եվ հավատարիմ մնալով այդ սկզբունքներին՝ խնդրեցինք, հորդորեցինք պարոն Հարթենյանին, որ հրաժարվի մանդատից»։

Խմբակցության ղեկավարը հրաժարվեց նշել, թե մասնավորապես ինչ դրդապատճառներ է ունեցել 20-ամյա Հենրիկ Հարթենյանը նման քայլի դիմելիս. - «Կարևոր չեն դրդապատճառները, պատճառները և այլն։ Թույլ տվեք ես դրանք չբարձրաձայնեմ։ Կարծում եմ, էդ հարցերով ինքը կարող է ելույթ ունենալ։ Եվ ի վերջո դա չի կարևորը։ Կարևորը եղելությունն էր, այսինքն՝ արվածը կարող էր թյուրիմացության հետևանք լինել և այլն, և այլն, բայց ունենք այն, ինչ ունենք, որը որ մեզ համար ընդունելի չէր»։

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ նիստի ընթացքում խմբակցության անդամները դեպքի վերաբերյալ իրենց կարծիքներն են հայտնել, իսկ Հարթենյանը խոսել է դրդապատճառներից։

Անտոնյանն ասաց, որ անձամբ իր համար Հարթենյանի դրդապատճառներն անընդունելի են. - «Բոլորը իրենց կարծիքները հայտնեցին, իրենց դժգոհությունները արտահայտեցին, ինքն էլ արտահայտեց իր դրդապատճառները, սակայն դրդապատճառն էստեղ կարևոր չէ արդեն։ Խմբակցությունը հորդորեց և առաջարկեց էս ամենից ելնելով՝ վայր դնել մանդատը, և ինքը տվեց իր համաձայնությունը»։

Հենրիկ Հարթենյանը 2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ Նա այսօր քաղաքապետարանի կենտրոնական մուտքից դուրս չեկավ, լրագրողները նրան չհանդիպեցին նաև ներս մտնելիս։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձնաժողովը ևս անընդունելի է համարում կուսակցության անդամի ֆեյսբուքյան գրառումը: Հանձնաժողովի հայտարարության մեջ ասված է. «Ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը խիստ դատապարտելի են: Միջադեպը կքննվի վերահսկող հանձնաժողովում»։

Կուսակցության վերահսկող հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Սոնա Ղազարյանն ասաց, որ իրենց հանձնաժողովի նիստը այս շաբաթ տեղի կունենա, իսկ կուսակցությունից հեռացնել-չհեռացնելու որոշումը կարող է կայացնել կուսակցության վարչությունը:

«Այդ գրառումը պարզապես հակասում է մեր կողմից ընդունված կանոնադրությամբ որդեգրած սկզբունքներին ու արժեքներին։ Սա կարելի է ոչ ուղիղ ատելության խոսք դիտարկել», - հավելեց Ղազարյանը։

Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանն էր արձագանքել տեղի ունեցածին՝ նշելով, որ խստորեն դատապարտելի և բացարձակ մերժելի է Երևանի ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանի արարքը. - «Ու առհասարակ, հանրային պաշտոն զբաղեցնող ցանկացած անձից խիստ պահանջում եմ հստակ գիտակցել իր պաշտոնական կարգավիճակը և գործել բացառապես այդ կարգավիճակի սահմաններում, դրսևորել պատշաճ վարքագիծ։ Դուք սահմանափակված եք ձեր պաշտոնական կարգավիճակով։ Որևէ մեկն իրավունք չունի թիրախավորել ընտանեկան կյանքն ու առավել ևս երեխաների, ու լարվածությունն ուղղել այդ կողմ՝ անկախ նրանից պաշտոնյայի ընտանիքի մասին է խոսքը, թե ոչ»։

XS
SM
MD
LG