Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանի հայտարարությունը, թե Թովմասյանին և նրա պաշտպանական թիմին հնարավորություն չի տրվում ծանոթանալ ՍԴ նախագահի բնակարանում խուզարկություն իրականացնելու մասին դատարանի որոշմանը, «ակնհայտ ապատեղեկատվություն է», հայտարարում է Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ)։
«Հարկ ենք համարում տեղեկացնել, որ քննիչի կողմից խուզարկությանը մասնակցող անձանց, այդ թվում` պաշտպանական թիմին հնարավորություն է տրվել քրեադատավարական օրենքով սահմանված կարգով ծանոթանալ որոշմանը: Ա. Մակինյանի վերը նշված հայտարարությունը նպատակ է հետապնդում ընդամենը խոչընդոտել քննչական գործողության իրականացմանը», - ասված է ՀՔԾ հաղորդագրությունում։
Հատուկ քննչական ծառայությունը Հրայր Թովմասյանի պաշտպանական թիմին հորդորում է գործել օրենքի սահմաններում և զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող ու հանրությանն ապակողմնորոշող հայտարարություններ հնչեցնելուց:
Հիշեցնենք, այսօր առավոտյան ՍԴ նախագահի փաստաբանը տեղեկացրեց, որ ՀՔԾ-ն խուզարկություն է իրականացնում Հրայր Թովմասյանի բնակարանում։
ՀՔԾ-ում քննվող գործով մոտ մեկ ամիս առաջ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։