Մատչելիության հղումներ

«Էրեբունի Պլազա»-ում վնասազերծված և ձերբակալված անձը ցուցմունք չի տվել առանց փաստաբանի


Երիտասարդը Հայաստանի ոստիկանապետի պաշտոնակատարի հետ դուրս է գալիս «Էրեբունի Պլազա»-ից, Երևան, 23-ը հունվարի, 2020թ.
Երիտասարդը Հայաստանի ոստիկանապետի պաշտոնակատարի հետ դուրս է գալիս «Էրեբունի Պլազա»-ից, Երևան, 23-ը հունվարի, 2020թ.

«Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում երեկ կրակոցներ արձակած երիտասարդը հրաժարվել է ցուցմունք տալուց՝ ասելով, որ դա կանի միայն փաստաբանի ներկայությամբ։ Արդեն հանրային պաշտպան է ներգրավվել։ Այս մասին «Ազատությանը» հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը։

Ըստ խոսնակի, տվյալ պահին 33-ամյա Արթուր Թորոսյանը հարուցված քրեական գործով կասկածյալի կարգավիճակ ունի։

Թե ինչն է դրդել երիտասարդին նման քայլի գնալ, Քննչական կոմիտեից դեռ չեն հայտնում։

Երեկ, հիշեցնենք, վնասազերծումից հետո նա ձերբակալվել է։

Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 7-րդ կետով` կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով երկու կամ ավելի անձանց պատանդ վերցնելը, 235-րդ հոդվածի 1-ին մասի՝ ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով:

Ոստիկանությունն երեկ ժամը 14։40 ​ահազանգ էր ստացել, որ «Էրեբունի Պլազա»-ում զինված անձ կա, դեպքի վայր էին մեկնել օպերատիվ խմբեր: Զինված տղամարդու հետ բանակցություններ է վարել անձամբ Հայաստանի ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը: Բանակցությունների արդյունքում անձը հանձնել է հրազենը, ապա տեղափոխվել ոստիկանություն:

XS
SM
MD
LG