Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի քրեական գործը քննած քննիչ Արտաշես Մաիլյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ նախկին նախագահն այս գործով քաղաքական հետապնդման չի ենթարկվում։
«Քաղաքական հետապնդման մասին իրենց դիրքորոշումը ևս ընդունում եմ պաշտպանական թիմի տակտիկայի սահմաններում։ Մինչև էս պահը ոչ հրապարակային ելույթների, ոչ հարցազրույցների և ոչ էլ կոնկրետ գործի քննության ընթացքում ես չեմ ստացել որևէ պարզաբանում, թե այ ինչո՞վ է դա քաղաքական, այ եթե քաղաքական՝ ինչի՞ց ելնելով են մարդիկ պնդում, որ քաղաքական է այս մեղադրանքը, կամ քրեական հետապնդումը քաղաքական բնույթ է կրում», - ասաց քննիչը։
Նախկին նախագահի քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է Գլխավոր դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու։ Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակությունը կազմակերպելու համար: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Սարգսյանը մեղադրանքը չի ընդունում, իսկ նրա փաստաբանները հայտարարում են՝ պաշտոնաթող նախագահի նկատմամբ «քրեադատավարական փաթեթավորմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում»:
Երրորդ նախագահի պաշտպանական թիմն օրերս հայտարարություն տարածեց, որում մասնավորապես ասված էր, թե Սարգսյանին «մեղադրանք է առաջադրվել իր պաշտոնեական դիրքի կապակցությամբ գործողություններ կատարելու համար, մինչդեռ Սահմանադրության համաձայն՝ հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար»:
Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) հատկապես կարևոր գործերով քննիչ Արտաշես Մաիլյանը, մինչդեռ, պնդում է՝ այս քրեական գործն առնչություն չունի նախագահի անձեռնմխելիության հետ։ Մաիլյանը վկայակոչում է 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությունը, որտեղ նշվում է՝ իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար հանրապետության նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների ավարտից հետո:
«Եթե ես կազմել եմ մեղադրական եզրակացություն և քրեական գործը ուղարկել եմ դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ, հետևաբար, դա նշանակում է, որ եկել եմ այն եզրահանգման, որ անձեռնմխելիության մասով այստեղ որևէ խնդիր չկա։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահն այս պահին, այս արարքի կապակցությամբ անձեռնմխելիության իրավունքից չի օգտվում», - ընդգծեց քննիչը։
Մաիլյանը շեշտում է՝ այս գործով ձեռք բերված ապացույցները բավարար են մեղադրական եզրակացությունը կազմելու համար։ «Եթե իրենք ինչ-որ բան են վկայակոչում, դա պետք է ևս ունենա հիմնավորում։ Չէ՞ որ մենք համապատասխան ապացույցների հիման վրա ենք եկել հետևության, որ այստեղ կա քրեական օրենքով նախատեսված արարք», - նշեց քննիչը։
Սերժ Սարգսյանից բացի, այս գործով մեղադրանք է առաջադրվել ևս 4 անձի՝ Սարգսյանի մտերիմ, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին, նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին և նախարարության նախկին աշխատակից Գևորգ Հարությունյանին։ Ոչ ոք մեղադրանքը չի ընդունում։
Ըստ ՀՔԾ-ի, 2013 թվականին Սերժ Սարգսյանը կազմակերպել է, որ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ և Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ Սերգո Կարապետյանը վատնի պետբյուջեից 15 միլիոն լիտր վառելիքի համար նախատեսված մոտ կես միլիարդ դրամ գումարը։
Ըստ քրեական գործի՝ իր նախագահության ժամանակաշրջանում Սերժ Սարգսյանն այնպես է արել, որ հողօգտագործողներին գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութ տրամադրի իր մտերիմ Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունը, և սա այն դեպքում, որ ավելի էժան գնային առաջարկ է ներկայացրել «Մաքսհուր» ընկերությունը:
Այս գործով մեղադրյալ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի փաստաբանը պնդում է՝ Գալստյանը պարզապես կատարել է իր վերադասի՝ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի բանավոր հանձնարարությունները, ինչի համար էլ այժմ հայտնվել է մեղադրյալի աթոռին։ Փաստաբան Վաչագան Քոսյանը նշում է, որ Գալստանը չէր կարող չկատարել իր վերադասի հանձնարարությունը և ի պաշտոնե չէր էլ կարող պարզել՝ այն օրինական է, թե ապօրինի։
«Ընդամենը Սամվել Գալստյանի գործողությունները երկու քայլ են իրենց մեջ ներառում. Առաջինը՝ հեղօգտագործողների դիզվառելիք տրամադրելու 13 թվականի ծրագրի շրջանակներում կատարելով նախարարի հանձնարարականը՝ Սերգո Կարապետյանի, դիմել է վառելիք ներկրող կազմակերպություններին, համապատասխան առաջարկ է ուղարկել, տեղեկացրել է ծրագրի մասին, և երկրորդ գործողությունը՝ ծրագրի ղեկավար հանդիսացող գյուղնախարարը Սամվել Գալստյանին հանձնարարել է Բուսաբուծության վարչության պետին, որը նույնպես մեղադրյալ է, ասել, որ կառավարություն ներկայացվող նախագծում որպես ծրագրի մատակարար նշվի «Ֆլեշ» ՍՊԸ-ն 455 դրամ արժեքով դիզվառելիք մատակարարող որպես», - նշեց Վաչագան Քոսյանը։
Ըստ Սամվել Գալստյանի փաստաբանի, գործի նյութերից պարզ է դառնում, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն առերեսվել են։ Կարապետյանը պատմել է, թե ինչպես է նախկին նախագահն իրեն ասել, որ հենց «Ֆլեշ» ընկերությունը պետք է մատակարարի այդ վառելիքը։
«Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատերը ասել է, որ պայմանավորվածություն կա կամ նախագահը տեղյակ է, իսկ նախագահը, ըստ Սերգո Կարապետյանի, ասել է, որ «տվեք, թող «Ֆլեշ»-ը բերի»։ Դրա մյուս բացատրությունը էս դեպքում, քանի որ մեկն ասացի, մյուսն էլ ասեմ՝ նախագահն էլ ասում է, որ էդպիսի բան չի ասել, նման հանձնարարական չի տվել։ Սամվել Գալստյանն էլ է ցուցմունք տալիս և ասում է, որ երբ էդ բանավոր հանձնարարությունը տրվել է իրեն, նախարարը նշել է, որ վարչապետը տեղյակ է և ցույց տալով երրորդ նախագահի նկարը աշխատասենյակում գտնվող՝ «ինքն էլ է տեղյակ», սա Սամվել Գալստյանի ձևակերպումն է», - ասաց փաստաբան Քոսյանը։