Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ «քրեադատավարական փաթեթավորմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում»:
Հայտարարությամբ Սարգսյանի պաշտպանական թիմը վերահաստատում է նախաքննության սկզբնական փուլում արտահայտած այն պնդումները, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել իր պաշտոնեական դիրքի կապակցությամբ գործողություններ կատարելու համար:
«Մինչդեռ, ՀՀ Սահմանադրության համաձայն՝ հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար:
Պաշտպանական թիմը փաստում է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածի պահանջների կոպիտ խախտմամբ, քանի որ գործում չկա առերևույթ հանցանքի կատարման մասին վկայող բավարար ապացույցների համակցություն, ավելին՝ գործով հավաքված տվյալները որևէ կերպ չեն փաստում, որ գործը քննվել է ընդհանրապես հանցագործության դեպքի առթիվ: Ավելի պարզ, հավաքված տվյալներն աղաղակում են ընդհանրապես հանցագործության դեպքի բացակայության մասին», - ասված է հայտարարության մեջ:
Ըստ փաստաբանական թիմը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի օրինականությանը և հիմնավորվածությանը, նշում է, որ գործում բացարձակ չկան այնպիսի փաստական տվյալներ, որոնք թեկուզ և տեսականորեն կարող էին վարույթն իրականացնող մարմնին հուշել Սարգսյանի կողմից առերևույթ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականության մասին, «ուստի այս պայմաններում, անձի՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված ազատ տեղաշարժի իրավունքն ապօրինի սահմանափակելը, նույնպես օրինական համարվել չի կարող»:
Նրանք ոչ իրավաչափ են որակել նաև նախկին նախագահի գույքի վրա կալանք դնելու գործողությունը:
Երրորդ նախագահի գործով նախաքննությունն ավարտվել է տարեսկզբին: Գործով ձեռք բերված ապացույցները Հատուկ քննչական ծառայությունը բավարար է համարել` մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար։ Պաշտոնաթող նախագահին մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակությունը կազմակերպելու համար ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել 2019 թվականի դեկտեմբերի 4-ին: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Սերժ Սարգսյանը մեղադրանքը չի ընդունում: