Մատչելիության հղումներ

Պողոս Պողոսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրգործով նոր երևան եկած հանգամանքի հիմքով վարույթ է հարուցվել


Պողոս Պողոսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրգործով նոր երևան եկած հանգամանքի հիմքով վարույթ է հարուցվել։ Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Գլխավոր դատախազությունից։

Դատախազությունից փոխանցեցին, որ 2019 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ գլխավոր դատախազությունից քրեադատավարական կարգով քննարկելու նպատակով Երևան քաղաքի դատախազություն է ուղարկվել Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչների դիմումը, դրան կից ներկայացված ու թարգմանված փաստաթղթերը, ինչպես նաև Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննված՝ 2001 թվականի սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ քրեական գործը:

Այդ գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2002 թվականի փետրվարի 21-ի դատավճռով ԱԱ նախարարության աշխատակից հանդիսացող Աղամալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով՝ հանցավոր անփութություն դրսևորելով անզգույշ սպանություն կատարելու համար և դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման, միաժամանակ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամանակով:

Երևան քաղաքի դատախազությունում ուսումնասիրվել է նշված դեպքի վերաբերյալ Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչների կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումը և դրան կից՝ վերոնշյալ դեպքի առնչությամբ Ս. Ջ. Նյուտոնի հայտարարությունը: Պարզվել է, որ հայտարարության մեջ նշվող տեղեկություններն առերևույթ վկայում են այն մասին, որ Պ. Պողոսյանը կյանքից զրկվել է ոչ թե անզգուշությամբ, այլ Աղամալ Հարությունյանի և գործով չպարզված այլ անձանց կողմից՝ դիտավորությամբ և խուլիգանական դրդումներով: Այսինքն առերևույթ ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք կարող են ապացուցել, որ Աղամալ Հարությունյանն առերևույթ կատարել է ավելի ծանր հանցանք՝ սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում, քան այն, որի համար վերջինս դատապարտվել է: Բացի այդ, դրանք առերևույթ վկայում են հանցանքի կատարմանը նաև այլ անձանց մասնակցության վերաբերյալ:

Ելնելով դրանից՝ Պ. Պողոսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով նոր երևան եկած հանգամանքների հետևանքով ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով նախատեսված առերևույթ հանցագործության հատկանիշներով Երևան քաղաքի դատախազությունում հարուցվել է վարույթ: Քննություն կատարելու հանձնարարությամբ այն ուղարկվել Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG