Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տանն այսօր ի վերջո քվեարկության կդրվի իմփիչմենթի կապակցությամբ նախագահ Թրամփին առաջադրված հոդվածները Կոնգրեսի վերին պալատ՝ Սենատ ուղարկելու հարցը:
Շաբաթներ շարունակված անորոշությունից հետո՝ երեկ երեկոյան, դեմոկրատները հայտարարեցին՝ Ներկայացուցիչների տան խոսնակ Փելոսին պատրաստ է հերթական քայլն անել Թրամփի պաշտոնանկությության ուղղությամբ: Ըստ լրատվամիջոցների, քվեարկությունից հետո՝ մի քանի օրից արդեն, Սենատում կսկսվի Թամփի իմփիչմենթի հարցով դատավարությունը, որն այս ճանապարհով նախագահին պաշտոնանկ անելու երրորդ փորձն է Միացյալ Նահանգների ողջ պատմության մեջ:
Սենատում մեծամասնություն ունեցող հանրապետականների առաջնորդ Միթչ ՄըքՔոնելը հայտարարել է՝ գործընթացն ամենայն հավանականությամբ կիրականացվի նույն այն սցենարով, որը գործադրվել էր 1999-ին Բիլ Քլինթոնի դեմ: Այն ժամանակ կողմերից յուրաքանչյուրին 24 ժամ էր տրվել՝ բանավոր իրենց փաստարկները ներկայացնելու, ևս 16 ժամ էլ առանձնացվել էր սենատորների հարցադրումների համար: Այլ մանրամասներ ՄըքՔոնելը չի հայտնել, բայց ընդգծել է՝ մտադիր չէ կատարել դեմոկրատների պահանջը՝ վերաբացել գործն ու նոր վկաների հրավիրել։
«Ճշմարտությունը մեկն է: Եթե Ներկայացուցիչների տան հետաքննությունն այդչափ մանրազնին է, որ բավարար փաստեր են հավաքվել՝ նախագահին իմփիչմենթի ենթարկելու համար, ուրեմն գործը վերաբացելու կարիք այլևս չկա: Իսկ եթե այս գործը թույլ է, Ներկայացուցիչների տան դեմոկրատները չպետք է դրա հիման վրա նախագահին մեղադրանքներ ներկայացնեին», - ընդգծել է հանրապետական սենատորների առաջնորդը։
Դեմոկրատների հսկողության տակ գտնվող Ներկայացուցիչների տունը մեկ ամիս առաջ էր որոշել իմփիչմենթի գործընթաց սկսել հանրապետական Դոնալդ Թրամփի դեմ՝ իշխանությունը չարաշահելու և Կոնգրեսի աշխատանքը խոչընդոտելու հոդվածներով: Աղմկահարույց այս պատմությունը սկիզբ էր առել Ուկրաինայի և Միացյալ Նահանգների նախագահների հուլիսյան հեռախոսազրույցից հետո: Ընդդիմախոսները պնդում են` Սպիտակ տան ղեկավարը այդ զրույցի ընթացքում, ինչպես նաև դրանից առաջ օգտագործել է իր լիազորություններն ու փորձել Կիևից վարկաբեկող տեղեկություններ կորզել իր քաղաքական հակառակորդի՝ առաջիկա նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության հավանական թեկնածու Ջո Բայդենի ու նրա որդու՝ Հանթերի մասին: Ինքը՝ նախագահ Թրամփը, կտրականապես հերքում է այս մեղադրանքներն ու գործընթացը որակում քաղաքական հաշվեհարդար։
«Այս ապօրինի և միայն մեկ կուսակցության աջակցությունը վայելող պատմությունը իրականում քաղաքական ինքնասպանություն է Դեմոկրատական կուսակցության համար», - մասնավորապես հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը։
Դոնալդ Թրամփի վստահությունը, թերևս, պատահական չէ՝ նախագահին պաշտոնանկ անելու համար անհրաժեշտ է Սենատի առնվազն երկու երրորդի հավանությունը։ Կոնգրեսի վերին ատյանում մեծամասնություն ունեն Թրամփի կուսակից հանրապետականները, որոնցից որևէ մեկը չի ակնարկել, որ պատրաստ է միանալ ընդդիմությանն ու գործող նախագահի դեմ գնալ: