Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտյան ներկայացել է Քննչական կոմիտե և մոտ 2,5 ժամ պատասխանել քննիչի հարցերին, որոնք վերաբերում էին 2018 թվականի սեպտեմբերին ու դեկտեմբերին համացանցում տարածված վարչապետ Փաշինյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, ինչպես նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Վանեցյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման փաստով հարուցված երկու քրեական գործերին։
Հարցաքննության մասին առավոտյան ֆեյսբուքյան գրառմամբ անձամբ տեղեկացրել էր կառավարության ղեկավարը՝ տեղադրելով քննիչի աշխատասենյակում արված սելֆին։
«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ՝ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է և քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին»,- գրել է Փաշինյանը՝ կատակելով. «Քաղաքական հետապնդման տարրերը ակնհայտ են»։
Հարցաքննությունից հետո Փաշինյանը չի պատասխանել լրագրողների հարցերին։
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը «Ազատությանը» փոխանցեց, որ մի գործով Նիկոլ Փաշինյանը անցնում է որպես վկա, մյուսով՝ որպես տուժող։
«Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվում է 2018 թվականի սեպտեմբերի 11-ին և դեկտեմբերի 5-ին համացանցում տարածված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, ինչպես նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսելու ձայնագրառումներում հիշատակված պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, որի շրջանակներում քննության առարկա է հանդիսանում նաև Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի կալանավորման միջնորդությունները քննած դատավորների նկատմամբ արդարադատություն իրականացնելիս միջամտելու հանգամանքը։ Նշված քրեական գործով որպես վկա Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացել է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն և հարցաքննվել՝ դատարանների վրա հնարավոր միջամտությունների հանգամանքները պարզելու շուրջ», - ասաց Հարությունյանը:
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակը նշեց. «ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում է քննվում նաև ԱԱԾ նախկին տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունները ապօրինի գաղտնալսելու և համացանցով տարածելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասով, 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով հարուցված քրեական գործը, որի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է որպես տուժող՝ ապօրինի գաղտնալսում և ձայնագրառումն իրականացնելու ու տեսանյութը համացանցում տարածելու արդյունքում իր իրավունքների և օրինական շահերի խախտման և գործի համար հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հանգամանքների շուրջ»։
«Ազատության» հարցին՝ երկրորդ քրեական գործով ինչ-որ մեկին կա՞ արդեն մեղադրանք ներկայացված, ի՞նչ նոր մանրամասներ կարող է հայտնել, Հարությունյանը պատասխանեց. «Նշեմ, որ երկու քրեական գործերի շրջանակներում էլ մեղադրյալի կամ կասկածյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա»։
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ այս նույն քրեական գործերի շրջանակում հարցաքննվել են նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Ինչպես վարչապետի դեպքում, նրանք ևս մի գործով ունեն վկայի, մյուսով՝ տուժողի կարգավիճակ։
Երկու քրեական գործերն էլ Գլխավոր դատախազությունում հարուցվել էին 2018 թվականի սեպտեմբերին՝ համացանցում առաջին հրապարակումից հետո, այնուհետև այն ուղարկվել էր Քննչական կոմիտե, ուր վարույթ ընդունելով՝ ստեղծվել էր քննչական խումբ:
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախկին խոսնակ, նախորդ խորհրդարանում իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը, ով հեղափոխությունից հետո ՀՀԿ-ն լքած Սամվել Ֆարմանյանի, Միհրան Հակոբյանի և նույն խմբակցության անդամ, անկուսակցական Կարեն Բեքարյանի հետ հիմնադրել է «Քառյակ մեդիան», այսօր հիշեցրել է՝ Փաշինյանը Հայաստանի առաջին գործող ղեկավարը չէ, որ հարցաքննվել է, 2000 թվականին հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործով հարցաքննվել է այդ ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Թեև պարզ չէ՝ արդյո՞ք Քոչարյանը նույնպես գնացել էր քննիչի մոտ։