Մատչելիության հղումներ

ՔԿ-ն վարույթ է ընդունել ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման դեպքով նոր քրգործը


Քննչական կոմիտեն վարույթ է ընդունել Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանի միջև հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման դեպքի առթիվ Գլխավոր դատախազությունում հարուցված նոր քրեական գործը։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց քոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։

Այլ մանրամասներ Քննչական կոմիտեն դեռևս չի հաղորդում։

Նշենք, որ Գլխավոր դատախազությունում նոր քրեկան գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին» և նախաքննությունը հանձնարարվել Քննչական կոմիտեին:

Օրերս համացանցում տարածվեց հեռախոսային գաղտնալսված զրույցի ձայնագրություն, որտեղ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը և Հատուկ քննչական ծառայության պետը քննարկում են «Մարտի 1»-ի գործը:

Նկատի առնելով, որ վերոնշյալում առերևույթ առկա է անձի հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու, առանձնակի արժեք ունեցող տեղեկատվություն ստանալու նպատակով համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տեղեկատվությունը որսալու հանցավոր արարքների հատկանիշներ՝ Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչությունում հարուցվց քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի (Անձի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելը) և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի (Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը, որը կատարվել է առանձնակի արժեք ունեցող տեղեկատվություն ստանալու նպատակով) հատկանիշներով։ Գործն ուղարկվեց Քննչական կոմիտե, վերջինս էլ այն ընդունեց վարույթ։ Ըստ դատախազության, ստեղծվել է քննչական խումբ և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական, քննչական և դատավարական այլ գործողություններ:

«Նկատի ունենալով նշված քրեական գործի նյութերում առկա փաստական տվյալները, և այն հանգամանքը, որ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների բովանդակությունը պարունակում է պաշտոնական լիազորությունների անցման հանցագործության առերևույթ առկայությունը մատնանշող տվյալներ՝ Գլխավոր դատախազությունում հարուցվել է ևս մեկ քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունը ևս հանձնարարվել է Քննչական կոմիտեին», - ասված է դատախազության այսօրվա հաղորդագրությունում:

Նշենք, որ տարածված հեռախոսային գաղտնալսման մեջ, մասնավորապես, խոսվում է այն մասին, թե ինչպես դատավորներից մեկը զանգել է ԱԱԾ տնօրենին և հարցրել, թե պաշտոնաթող նախագահ, սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի ընտրության հարցով ի՞նչ որոշում է անհրաժեշտ կայացնել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ մեկնաբանեց անանուն աղբյուրի տարածած հեռախոսային գաղտնալսված զրույցի ձայնագրությունը՝ նշելով, որ իրենք «շանտաժի չեն տրվելու»։

Փաշինյանը կարծիք հայտնեց, որ գաղտնալսման հեղինակները նախկին «մանր ու մեծ չինովնիկներն» են:

Ռոբերտ Քոչարյանի գնահատմամբ էլ՝ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների աղմկահարույց հեռախոսազրույցը ապացուցում է, որ «կատարվել է հանցագործություն, եղել է ճնշում դատարանի վրա», և որ «Մարտի 1»-ի գործով իշխանությունների միակ նպատակն է իրեն «փակել»։

Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1»-ի քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը:

Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և Քոչարյանին ազատ արձակեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG