Մատչելիության հղումներ

ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման դեպքով դատախազությունում նոր քրգործ է հարուցվել


Արթուր Վանեցյան, Սասուն Խաչատրյան
Արթուր Վանեցյան, Սասուն Խաչատրյան

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանի միջև հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման դեպքի առթիվ Գլխավոր դատախազությունում նոր քրեական գործ է հարուցվել։

Ըստ դատախազության հաղորդագրության, գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին»:

Գլխավոր դատախազությունը նշում է՝ սեպտեմբերի 11-ին տեղեկացվել էր, որ էլեկտրոնային մամուլում տվյալներ են հրապարակվել ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսվելու մասին, որում հղում էր կատարվել youtube.com-ում տեղադրված ձայնագրությունը:

«Նկատի առնելով, որ վերոնշյալում առերևույթ առկա է անձի հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու, առանձնակի արժեք ունեցող տեղեկատվություն ստանալու նպատակով համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տեղեկատվությունը որսալու հանցավոր արարքների հատկանիշներ՝ Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի (Անձի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելը) և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի (Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը, որը կատարվել է առանձնակի արժեք ունեցող տեղեկատվություն ստանալու նպատակով) հատկանիշներով», - ասված է հաղորդագրությունում:

Դատախազությունը նշում է, որ քրեական գործը լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել էր Քննչական կոմիտե, որն արդեն այն ընդունել է վարույթ, ստեղծվել է քննչական խումբ և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական, քննչական և դատավարական այլ գործողություններ:

«Նկատի ունենալով նշված քրեական գործի նյութերում առկա փաստական տվյալները, և այն հանգամանքը, որ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների բովանդակությունը պարունակում է պաշտոնական լիազորությունների անցման հանցագործության առերևույթ առկայությունը մատնանշող տվյալներ՝ Գլխավոր դատախազությունում հարուցվել է ևս մեկ քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունը ևս հանձնարարվել է Քննչական կոմիտեին», - ասված է հաղորդագրությունում:

Օրերս համացանցում տարածվեց հեռախոսային գաղտնալսված զրույցի ձայնագրություն, որտեղ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը և Հատուկ քննչական ծառայության պետը քննարկում են «Մարտի 1»-ի գործը:

Գաղտնալսման մեջ, մասնավորապես, խոսվում է այն մասին, թե ինչպես դատավորներից մեկը զանգել է ԱԱԾ տնօրենին և հարցրել, թե պաշտոնաթող նախագահ, սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի ընտրության հարցով ի՞նչ որոշում է անհրաժեշտ կայացնել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ մեկնաբանեց անանուն աղբյուրի տարածած հեռախոսային գաղտնալսված զրույցի ձայնագրությունը՝ նշելով, որ իրենք «շանտաժի չեն տրվելու»։

Փաշինյանը կարծիք հայտնեց, որ գաղտնալսման հեղինակները նախկին «մանր ու մեծ չինովնիկներն» են:

Ռոբերտ Քոչարյանի գնահատմամբ էլ՝ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների աղմկահարույց հեռախոսազրույցը ապացուցում է, որ «կատարվել է հանցագործություն, եղել է ճնշում դատարանի վրա», և որ «Մարտի 1»-ի գործով իշխանությունների միակ նպատակն է իրեն «փակել»։

Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1»-ի քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը:

Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և Քոչարյանին ազատ արձակեց:

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG