Մատչելիության հղումներ

ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման դեպքով նոր քրեական գործ է հարուցվել


Գլխավոր դատախազությունը նոր քրեական գործ է հարուցել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման դեպքի առթիվ։

Հաղորդագրությունում նշվում է, որ քրեական գործի հարուցման համար նկատի են ունեցել գործի նյութերի տվյալները, և այն, որ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների բովանդակությունը պարունակում է պաշտոնական լիազորությունների անցման հանցագործության առերևույթ առկայությունը մատնանշող տվյալներ։

Քրեական գործը հարուցվել է 309 հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ «Պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին»:

Հարցին, թե արդյոք գործով որևէ կարգավիճակ կունենան հեռախոսազրույց ունեցած բարձրաստիճան երկու պաշտոնյաները՝ ԱԱԾ տնօրենն ու ՀՔԾ պետը, գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն ասաց. - «Քրեական գործը հարուցվել է հրապարակումների և ձայնագրության բովանդակության մեջ պաշտոնեական լիազորությունների անցման առերևույթ առկայությունը մատնանշող տվյալների պարունակման հետ կապված: Նախաքննությունը հետագայում կտա բոլոր հարցերի պատասխանը»:

Օրերս համացանցում տարածվեց հեռախոսային գաղտնալսված զրույցի ձայնագրություն, որտեղ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը և Հատուկ քննչական ծառայության պետը քննարկում են Մարտի 1-ի գործը: Նույն օրը հրավիրած մամլո ասուլիսում ԱԱԾ տնօրեն Վանեցյանը հայտարարել էր՝ ինքն ու Խաչատրյանը ընկերներ են և զրույցի բովանդակությունը իրավաբանական էր՝ փորձել է ճշտել Մարտի 1-ի գործի մանրամասները։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն «Ազատության» հետ զրույցում դրական է որակում քրեական գործի հարուցումն ու սկանդալի կիզակետում հայտնված պաշտոնյաների՝ հանրության առջև հանդես գալը։ Նա, սակայն, կարծում է, որ Վանեցյանն ու Խաչատրյանը պատասխանատվության չպետք է ենթարկեն։

«Այդ զրույցից չի բխում, որ նրանք պետք է հրաժարական տան, որովհետև այդ զրույցը իր մեջ չի պարունակում որևէ աներևակայելի բան», - կարծիք հայտնեց իրավապաշտպանը:

Իրավապաշտպանի խոսքով՝ աշխարհում նման գաղտնալսումները քիչ չեն, բայց Հայաստանում այն «հակահեղափոխության ձեռքի գործն է»․ - «Չնայած ես ապացուցել չեմ կարող, ես գիտեմ, որ դա գալիս է այն չակերտավոր «սև ուժերի» խոռոչից: Բնական է՝ դա հակահեղափոխական է և տեղավորվում է վերջին մի քանի ամիսների համատեքստում»:

Վարդան Հարությունյանի կարծիքով՝ իրավապահների քննության կենտրոնում պետք է լինի դատավորի դրվագը։ Հիշեցնեմ՝ երեկ դատավոր Հրաչ Մարգարյանն էր հանդես եկել հայտարարությամբ՝ պնդելով՝ ԱԱԾ տնօրենին անձամբ չի ճանաչում, նրան չի զանգահարել և նրա հետ երբևիցե որևէ հեռախոսային խոսակցություն չի ունեցել․ - «Դա կարելի է դիտարկել որպես լիազորությունների անցում և պետք է դա անպայման հետաքննվի, պարզվի՝ եղել է իրոք զանգ, թե չի եղել, եթե եղել է՝ ապա ինչո՞ւ է զանգահարել և ինչ հանձնարարություններ է ստացել դատավորը: Եթե՝ եղել է նման զանգ»:

Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը, «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով գաղտնալսման թեմային, ևս ողջունում է քրեական գործի հարուցումը։ Գրիգորյանն անդրադարձավ նաև դատավորի դրվագին՝ պնդելով՝ քննությունը պետք է պարզի բոլոր հանգամանքները․ - «Դատավորի նկատմամբ ապօրինի ճնշումը հանցագործություն է: Եթե այդ հանցակազմի տարրերը առկա են, ուրեմն դա հանցագործություն է: Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, պետք է պարզեն՝ այդպիսի բան եղել է, թե չէ»:

Քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։ Գործը վարույթ ընդունելուց հետո Կոմիտեն արդեն սկսել է քննություն իրականացնել, «Ազատությանը» փոխանցեց կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG