Մատչելիության հղումներ

Անցյալ տարի 20 տոկոսով ավելի հարկ է հավաքագրվել, քան 2018-ին


Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյան
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյան

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կարգավորումներով մաքսազերծման դրույքաչափերի բարձրացմանը նախորդած տարում Հայաստան է ներկրվել գրեթե 190 հազար ավտոմեքենա, որոնց համար ներկրողները 95 միլիարդ դրամ հարկ են մուծել: Անցած տարի 2018-ի համեմատ ներկրված ավտոմեքենանարի քանակը շուրջ 3 անգամ ավելի է։

Ընդհանուր առմամբ, 2019 թվականին Հայաստանում ավելի քան մեկ ու կես տրիլիոն դրամ հարկ են վճարել։ Դրանից մոտ 43 միլիարդ դրամը Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) վերադարձրել է դեբետային, «հին պարտքերը»։

2018-ի համեմատ, հավաքագրված հարկերի աճը, ՊԵԿ-ի նախագահ Դավիթ Անանյանի ներկայացմամբ, 20 տոկոսից ավելի է. - «Մեր նպատակը ոչ թե ծրագրային ցուցանիշները կատարելն է, այլ ծրագրային ցուցանիշների համեմատ, իրական կյանքի համեմատական տալն է։ Այլ կերպ ասած՝ մենք ուղղակի օգնում ենք հարկ վճարողներին, որպեսզի իրենք ամբողջ ծավալով հայտարարագրեն իրենց հարկային եկամուտները»։

Անանյանի խոսքով, 2020-ին հավաքագրվելիք գումարները, իրենց պատկերացմամբ, շատ ավելին կկազմեն, քան նախատեսված է պետբյուջեով։

Նա հիշեցնում է, որ դեռ հեղափոխությունից առաջ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ բյուջետային եկամուտները 30-40 տոկոսով ավելացնելու հնարավորություն կա. - «Եկեք արձանագրենք, որ 2018 և 2019 թվակականների փաստացի գործունեության արդյունքում մեր հարկ վճարողների հետ միասին մենք կարողացել ենք այնքան հարկեր գեներացնել, որը կազմում է 2017 թվականի փաստացի ցուցանիշի նկատմամբ 44 տոկոսի աճ»։

Տոնական օրերին Հայաստանում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 32 տոկոսով ավելի հդմ կտրոն է տպվել. - «Մոտավորապես 10,5 միլիոն ՀԴՄ կտրոն է տրամադրվել նախորդ տարվա, եթե չեմ սխալվում, 7 ու քանի միլիոնի փոխարեն։ Շուրջ 22 տոկոս ավելացել է շրջանառությունը»։

Անանյանի վստահեցմամբ՝ քաղաքացիները հարկեր վճարելու հարցում հետաքրքրվածություն են դրսևորում։ Նրա ասում է, թե մարդիկ տարիներ շարունակ չեն մտածել որ դա իրենց իրավական պարտականությունն է. - «Արդեն մարդիկ կան, որ հետաքրքրվում են իրենց սահմանադրական պարտականությունների կատարումով, որի համար էլ մենք կանք։ Հենց մեր գործառույթն է դա, որ մենք, հանրությանը ծառայություններ մատուցելով, ճիշտ ուղին ցույց տանք»։

Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը ասում է, որ թեև հարկահավաքման համակարգում փոփոխություններ կան, բայց դեռ շատ անելիք կա. - «Անհրաժեշտ է հարկային քաղաքականության ռազմավարություն՝ հստակ ձևակերպված, որպեսզի ամեն տարի քայլ առ քայլ գնանք այդ ուղղությամբ»։

Պատգամավորի խոսքով, Հարկային օրենսգրքում հաճախ են փոփոխություններ լինում. - «Ցանկացած տեսակի անորոշություն, կամ օրենսդրության հաճախակի փոփոխություն, չի նպաստում ներդրողների, առհասարակ բիզնեսի կայուն սպասելիքներին։ Հետևաբար, այստեղ պետք է հստակ ռազմավարություն, հստակ փոփոխություն Հարկային օրենսգրքի, որը որ գրեթե կմոտեցնի այն ամբողջական վիճակին, որը անհրաժեշտ է երկարաժամկետ կայուն տնտեսական զարգացման համար»։

XS
SM
MD
LG