Պետեկամուտների կոմիտեն ավելացրել է «Սպայկա» ընկերությունից պահանջվող գումարի չափը՝ այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
Նա մանրամասնեց՝ գումարն ավելի մեծ է, քան նախկինում հնչեցված 7-8 միլիարդ դրամը․ - «Քննությունը շարունակվում է, և եթե հիշում եք՝ ես ասել եմ, որ անընդհատ տեղեկատվություն ենք ստանում մեր գործընկեր երկրների և գործընկեր երկրների գործընկեր կառույցների կողմից: Դրանք անընդհատ մշակվում են, հաշվարկներ են կատարվում, վերահաշվարկներ են կատարվում: Ուղղակի, հաշվի առնելով «Սպայկա»-ի գործունեությունը, նաև գյուղատնտեսության ոլորտի հետ այսօրվա իր գործունեության սերտ առնչությունը, մենք այս պահին քրեաիրավական գնահատականների առումով ընկերության նախորդ ժամանակաշրջանների գործունեությանն առնչվող քննությունը առանձնացրել ենք, շարունակում ենք և հնարավորություն ենք տալիս, որ այսօր իր գործունեության որևէ խաթարում չլինի»:
ՊԵԿ նախագահը ընդգծեց՝ չի կարող խոսք գնալ պետությանը խոշոր չափերով վնաս պատճառած ընկերության պարտքերը զիջելու մասին․ - «Զիջել՝ նշանակում է ընդհանրապես օրենքին հակառակ գնալը, որը մենք չենք պատրաստվում: Մենք այսօր ունենք աշխատանք, քննիչները քննչական գործողություններ և հարակից գործողություններ կատարելու լայն ֆրոնտ ունեն: Մենք հիմա աշխատում ենք այն ուղղությամբ, որ ձեռք բերվեն լրացուցիչ փաստեր, կատարվեն հաշվարկներ: Այս փուլում մենք կազմակերպությանը և կազմակերպության պաշտոնատարներին մի փոքր ազատ ենք թողել, որպեսզի իրենք ընկերության բնականոն աշխատանքով զբաղվեն, բայց դա չի նշանակում, որ մենք հետ ենք գնացել: Ընդհակառակը՝ նախապես հնչեցված 7-8 միլիարդ թվերը գնալով ավելացել են»:
Անանյանը հրաժարվեց ասել, թե այժմ ՊԵԿ-ը «Սպայկա»-ից որքան գումար է պահանջում:
Գյուղմթերքի արտադրությամբ և բեռնափոխադրումներով զբաղվող խոշոր այս ընկերությունը՝ «Սպայկա»-ն, ըստ լրատվամիջոցների, պատկանում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին, ով տարիներ առաջ ընկերությունը գնել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքից։
Անցած տարվա արդյունքներով «Սպայկա»-ն 45-րդ խոշոր հարկատուն է Հայաստանում, սակայն ուշագրավն այն է, որ մինչև Թավշյա հեղափոխությունը՝ 2017-ին, այն, ըստ ՊԵԿ-ի, պետբյուջե էր վճարել 1 միլիարդ 815 միլիոն դրամ հարկ ու տուրք, իսկ հեղափոխությունից հետո՝ 2018-ի ընթացքում վճարել է ավելի քան երկու անգամ շատ՝ 3 միլիարդ 747 միլիոն:
Հեղափոխությունից հետո նաև ՊԵԿ-ը հայտարարեց, որ «Սպայկա»-ն 2015-ի հունվարի 1-ից մինչև 2018-ի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում արտահանված շուրջ 45 հազար տոննա լոլիկը փաստաթղթերում ներկայացրել է ոչ արժանահավատ գներով և դրա հետևանքով շահութահարկի գծով պակաս է հաշվարկել ու պետական բյուջե չի վճարել 2 միլիարդ 45 միլիոն դրամ: Ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը այս մարտի ամսին տեղեկացրեց, որ այդ գումարն ամբողջովին փոխանցվել է պետբյուջե։
Այս ապրիլին ՊԵԿ-ը նոր մեղադրանք ներկայացրեց «Սպայկա»-ին, պնդելով, թե 2015թ․ հունվարի 1-ից մինչև 2016թ․ հունվարի 11-ը ծավալած գործունեության հետևանքով ընկերությունը 7 միլիարդ 36 միլիոն դրամ հարկ ու տուրք պակաս է վճարել պետբյուջե: Ընդ որում, ՊԵԿ-ը ընդգծել էր, որ՝ «2016թ․ մնացած ամիսների, ինչպես նաև 2017 և 2018 թթ․ մասով պետությանը պատճառված վնասը պարզելու համար քննչական և դատավարական գործողությունները շարունակվում են»:
«Սպայկա»-ի տնօրեն Դավիթ Ղազարյանը հերքել էր ՊԵԿ-ի մեղադրանքը՝ այն որակելով անհիմն: Ապրիլի 8-ին Ղազարյանը կալանավորվեց: Նրա խափանման միջոցը փոխվեց և «Սպայկա»֊ի տնօրենն ազատ արձակվեց մայիսի 4-ին՝ 1 միլիարդ դրամ գումար ՊԵԿ միասնական հաշվին վճարելուց հետո:
«Սպայկա»-ի զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ մինչ նախաքննության ավարտը, չի ցանկանում մեկնաբանություն տալ ընկերությունից պահանջվող գումարի չափի մասին:
«Ընկերությունը հիմա փորձում է նորմալ աշխատանքային հունին վերադառնա, բայց քանի դեռ քրեական գործը փակված չէ, բնականաբար տարբեր հարցեր են բաց մնում մեր գործընկերների, հատկապես տարբեր բանկերի կողմից: Հուսով եմ, որ քրեական գործը շուտ իր տրամաբանական ավարտին կմոտենա ու կփակվի: Ինչ վերաբերում է գումարի ավելանաուն կամ պակասելուն՝ այս պահին ես որևէ մեկնաբանություն չեմ կարող անել, մինչև նախաքննությունը վերջնական չավարտվի», - «Ազատության» հետ հեռախոսազրույցում նշեց նա: