Մատչելիության հղումներ

Մեկ տարվա համար նախատեսված հարկային եկամուտների գերակատարումը ՊԵԿ-ը կես տարվա ընթացքում է իրականացրել


Մեկ տարվա համար նախատեսված հարկային եկամուտների գերակատարումը Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) կես տարվա ընթացքում է իրականացրել։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հիշեցրեց՝ շուրջ 63 միլիարդ դրամ գերակատարման մասին մայիսի 8-ին դեռ վարչապետն էր խոսել՝ 100 փաստ Նոր Հայաստանի մասին ներկայացնելիս։ Անանյանն ասաց՝ գրանցած ցուցանիշն ամենևին չի նշանակում, որ հաջորդ կիսամյակներում էլ է նույն միտումը շարունակվելու։

«Լավ է, որ մենք սկսում ենք ծախսել, վատ է, որ 25 միլիարդն ենք ծախսում։ Ոչ թե 25-ը պետք է ծախսվի, այլ ամբողջ 62-ը պիտի ծախսվի. ինչքան շուտ, էնքան լավ, ինչքան արդյունավետ, էնքան լավ։ Ծախսը շրջապտույտ է ապահովում և տնտեսական պրոցեսներ են կատարվում», - նշեց Անանյանը։

Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանն ասում է՝ հիմա հարկերի հավաքագրումն ավելի քան արդյունավետ է իրականացվում, սակայն դա միայն դրական կողմ չունի։

«Ինչքան ավելի շատ է բյուջե գնում, այդքան ավելի քիչ մարդկանց մոտ է մնում, բայց, ամեն դեպքում, սա մի խնդիր է, որ ավելի գլոբալ պիտի մոտենաս և միանշանակ դրականը այստեղ պետք է ընդգծես, այլ բան է, որ այդ միջոցները հետագայում ինչպես են տնօրինվելու, ինչպես են ծախսվելու։ Էս տարվա ամենասուր խնդիրներից մեկը, իմ կարծիքով, տնտեսական քաղաքականության բյուջեի ծախսերի չկատարումն է», - ասաց Ասատրյանը։

Դա, ըստ Բագրատ Ասատրյանի, տնտեսական իրավիճակի վրա չի կարող դրական ազդել։

«Հինգ ամիսների ընթացքում մենք բյուջեի բավականին ծավալուն, մոտ 100 միլիարդ դրամի, 90 միլիարդ դրամի ավելցուկ ունենք բյուջեի։ Հաստատ Հայաստանը էն երկիրը չի, որ էդքան ավելցուկ ունենա։ Ի վերջո հազար խնդիր կա, ի վերջո մենք արտաքին պարտք ունենք և այլն։ Իսկ էս ավելցուկը նշանակում է՝ միջոցների քնացնել», - ընդգծեց Ասատրյանը։

Տնտեսագետի խոսքով՝ այդ միջոցները պետք չէ, այսպես ասած, քնացնել, պետք է դրանք ուղղել այն ոլորտներին, որոնք կապահովեն, զարկ կտան տնտեսության ակտիվացմանը։ Ի դեպ, այսօր հրավիրված ասուլիսին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, թե Պետեկամուտների կոմիտեն հունիսից կոշտ գործողություններ է սկսել շոու բիզնեսի այն ներկայացուցիչների նկատմամբ, որոնք խուսափում են հարկերից։

«Յուրաքանչյուր երգչին անձնական նամակով հրավիրելու ենք ՊԵԿ՝ քննարկումների։ Անձնական նամակի մեջ նշվելու է կոնկրետ փաստեր միջոցառումների նրանց մասնակցության վերաբերյալ, որոնցից մեր կողմից ակնկալվող եկամուտները, իրենց կողմից ստացված եկամուտները մենք կարծում ենք, որ չեն հայտարարագրվել», - ընդգծեց ՊԵԿ նախագահը։

Անանյանը տեղեկացրեց՝ «Առինջ մոլում» դեռ ստուգումները շարունակվում են: ՊԵԿ-ը առևտրի կենտրոնում ստուգումները սկսել էր ապրիլի 9-ին՝ հարկեր, տուրքեր կամ պարտադիր վճարներ չվճարելու հատկանիշներով հարուցված քրեական գործով: Ստուգումները շարունակվում են նաև «Սպայկա» ընկերությունում։ Ըստ ՊԵԿ-ի՝ «Սպայկան» չի կատարել իր հարկային պարտավորությունները՝ պետությանը պատճառելով ավելի քան 7 միլիարդ դրամի վնաս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG