Մատչելիության հղումներ

ՀԴՄ չունեցող նորաբաց ընկերություններում «տուգանքը կլինի ամենավերջին կիրառվելիք պատժամիջոցը». ՊԵԿ նախագահ


Գործարար Սամսոն Գրիգորյանի Ֆեյսբուք սոցիալական ցանցում բարձրացրած խնդիրը, թե «ՊԵԿ-ը տուգանում է նորաստեղծ ընկերություներին ՀԴՄ սարք չունենալու համար՝ հաշվի չառնելով, որ այդ սարքերը վաճառքում չկան» առիթ դարձավ, որ ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի նախաձեռնությամբ հանդիպում կազմակերպվեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ:

Փոքր և միջին ձեռնարկատերերի շահերի պաշտպանությամբ զբաղվող «Կասեցում» քաղաքացիական շարժման ղեկավար Սամսոն Գրիգորյանն ասաց, որ ֆեյսբուքյան գրառմանը նույն տիրույթում արձագանքած Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի հետ հանդիպումից գոհ է, պատմեց, խնդիրն այն է, որ շուկան ազատականացվելուց հետո անելանելի իրավիճակում են հայտնվել նորաստեղծ ընկերությունները, չգիտեն չվաճառվող ՀԴՄ սարքերը որտեղի՞ց գնեն, որ չտուգանվեն։

«Իշխանությունը եկել է այն քայլին, որ ազատականացնի ՀԴՄ սարքերի ներմուծում ու վաճառքը, այսինքն վերցնի ՊՈԱԿ-ի ձեռքից և տա բիզնեսին։ Բիզնեսն ունի խնդիրներ որոշակի ժամանակային առումներով, որ չի հասցնում բոլոր գործողությունները կատարի, հույսով ենք, որ մինչև սեպտեմբերի վերջ արդեն կունենանք ներմուծումներ և ազատ վաճառք ՀԴՄ սարքերի։ Մինչ այդ ՊԵԿ-ը որոշակի առումով զերծ կմնան նոր դաշտ մտած հայտ ներկայացրած տնտեսվարողներին տուգանելուց, բայց կշարունակի իր վերահսկումը պահել, այսինքն մոնիտորինգի առումով հետ քայլ չի անելու ՊԵԿ-ը։ Տուգանքների առումով կլինեն որոշակի հետ քայլեր ուղղակի խոսքով չէ, բայց հասկացանք, որ խնդիրներ կաշխատեն չստեղծեն մինչև բիզնեսը սկսի վաճառել ՀԴՄ նոր սարքերը», - նշեց Գրիգորյանը։

ՊԵԿ նախագահի հետ հանդիպում նախաձեռնած, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սիսակ Գաբրիելյանը, մտահոգված էր՝ ի՞նչ է անելու ՊԵԿ-ը, որ տնտեսական հեղափոխությանը մասնակցող նորաստեղծ ընկերությունների գործունեությանը չխոչընդոտի՝ մինչև սարքերը ներկրվեն: Հանդիպման ընթացքում ստացել է հարցի պատասխանը, բայց չի շտապում շատ փակագծեր բացել։

«Համենայն դեպս ինձ և ինձ հետ ներկա հասարակական կազմակերպություններին պարզ դարձավ, որ Պետական եկամուտների կոմիտեն չի անի էնպիսի քայլեր, որոնք կխոչընդոտեն տնտեսական հեղափոխությանը։ Չեմ կարող շատ փակագծեր բացել, բայց կարծում եմ հասկացողը հասկացավ, թե ինչ նկատի ունեմ դա ասելով, ժամանակին դա մոնոպոլ դիրք գրավում էր Պետական եկամուտների կոմիտեն կամ պետությունը ներկրում էր, ինքը վաճառում էր որոշակի գնով, հիմա պետությունն ասում է, որ «ես այս շուկան ազատականացնում եմ, հարգելի քաղաքացիներ»։ Ազատականացումը, ըստ Դավիթ Անանայանի, նաև որոշակի այսպես ժամանակատար, բայց վերջնական արդյունքում լավ արդյունքի է հասնելու և այդ արդյունքի ճանապարհին տնտեսվարողները, տնտեսական հեղափոխություն իրականացնողները չեն տուժելու։ Այսինքն էն մարդիկ, ովքեր կհիմնեն բիզնես և հայտը ներկայացրած կլինեն և ավելին, նրանք, ովքեր կունենան հին սերնդի ՀԴՄ-ներ, մինչև ՊԵԿ-ը չի ապահովի նրանց նոր սերնդի ՀԴՄ-ներով, այդտեղ վարչարարություն չի իրականացվելու», - ասաց Գաբրիելյանը։

«Կասեցում» քաղաքացիական շարժման ղեկավար Սամսոն Գրիգորյանի տվյալներով՝
նոր սերնդի ՀԴՄ սարք ձեռք բերելու համար այսօր կա 9300 հայտ, որոնց մի մասը դեռ հին սարքերով են աշխատում, մյուսները՝ նորաբաց ընկերություններ են ու սպասում են նոր սարքերի գնմանը։

Բանն այն է, որ տարիներ շարունակ ՀԴՄ սարքերը ներկրել և վաճառել է միայն ՊԵԿ-ի համապատասխան ՊՈԱԿ-ը, հեղափոխությունից հետո շուկան ազատականացվել է ու արդեն 9 ընկերություն է հայտ ներկայացրել շուկա մտնելու համար: Սամսոն Գրիգորյանի խոսքով՝ ՊՈԱԿ-ը կտրուկ է դադարեցրել իր գործունեությունը:

«Ազատության» հետ զրույցում ՊԵԿ նախագահն ընդունեց այս պնդումը՝ նշելով. «Ընդդիմախոսները շատ ճիշտ են, բայց ցանկացած հեղափոխություն կտրուկ է իրականացվում։ Եթե մենք փորձեինք ազատականացումն անել մասնակիորեն կամ քայլ առ քայլ, բիզնեսը մեզ ընդհանրապես չէր հավատա։ Ես կարծում եմ, որ պետությունը այսօր պետք է սպասի, որպեսզի բիզնեսը ադեկվատ արձագանքի ազատականացման այսօրվա ստեղծված իրավիճակին»։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այս հարցը նաև վարչապետի հետ է քննարկել: Պատգամավորի և քաղաքացիական շարժման անդամների հետ հանդիպումից հետո «Ազատության» խնդրանքով ասաց՝ երբ մեկնարկում էր ՀԴՄ սարքերի ներկրման ազատականացման պրոցեսը՝ 2018-ի հոտկեմբերին ՀԴՄ ՊՈԿ-ում շուրջ 23000 սարք է եղել, մեկ տարի հետո՝ 2019-ի հունվարին՝ 400-ը վաճառվել է, մեկ ամիս անց ՊՈԱԿ-ում մնացել էր 13500 ՀԴՄ սարք՝ 3500 պահանջարկի պայմանում: Անանյանի խոսքով՝ ՊԵԿ-ը հայտարարել է, որ այդ մնացորդային 13500 սարքերի վաճառքից հետո, նոյեմբերի 1-ից ՊՈԱԿ-ի գործունեությունը սահմանափակվելու է՝ անցնելով բացառապես սահմանամերձ բնակավայրերում տնտեսական գործունեություն իրականացնող հարկ վճարողներին անվճար ՀԴՄ սարք տրամադրելու և դրանք անվճար սպասարկելու գործառույթով:

Հարցին, թե նոր ՀԴՄ սարք չունեցողներն այլևս չեն տուգանվելո՞ւ, մինչև նոր սարքեր չներկրվեն՝ Անանյանը պատասխանեց՝ տուգանքների փոխարեն կկիրառվեն մոնիտորինգային և իրազեկման նշանակություն ունեցող վարչարարական գործիքներ։ Հանդիպումն էլ ասաց՝ առերեսում էր իրականության հետ։

«Մշտադիտարկման արդյունքում մենք կտեսնենք ադեկվատ, ճիշտ վարքագծի դրսևորում, մենք կոշտ գործիքակազմ կիարառելուց մի որոշ ժամանակ ձեռնպահ կմնանք։ Տուգանքը կլինի ամենավերջին կիրառվելիք պատժամիջոցը, մինչև դա կնախորդեն շատ ավելի թեթև վարչարարական գործիքներ», - ընդգծեց ՊԵԿ նախագահը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ այս պահին ՀԴՄ սարք չունեցող նորաբաց ընկերութուններից մեկ-երկուսն են տուգանվել, որոնք դիմելու են բեկանման: Իսկ ՀԴՄ սարք ներկրելու համար հայտ ներկայացրած 9 ընկերություններից մեկն ըստ՝ Գաբրիելյանի, արդեն այդ սարքերի ծրագրավորման փուլում է, հավանաբար սեպտեմբերին կկարողանան առաջին խմբաքանակը վաճառել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG