ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագիծը, որը վերաբերում է «Հյուսիսային հոսք-2» գազատարին:
Կոնգրեսում ավելի վաղ ընդունված փաստաթուղթը սպառնում է սառեցնել այդ նախագծում ներգրավված ընկերությունների և օտարերկրյա քաղաքացիների բանկային հաշիվները, ինչպես նաև վերջիններիս զրկել Ամերիկա մուտք գործելու իրավունքից:
Գլխավոր կապալառուն՝ Allseas ընկերությունը, արդեն հայտարարել է, թե դադարեցնում է շինարարությունը՝ ամերիկյան նոր օրենքի հնարավոր հետևանքներն ուսումնասիրելու համար:
1200-կիլոմետրանոց գազատարով նախատեսվում է ռուսական գազը Բալթիկ ծովով հասցնել Գերմանիա՝ շրջանցելով Ուկրաինան: Գազամուղի մեծ մասն արդեն կառուցված է, անցած շաբաթ «Գազպրոմ»-ը հայտարարել էր, թե վերջնական փուլի ավարտմանը մնացել է մոտ հինգ շաբաթ:
Պաշտոնական Վաշինգտոնը, մինչդեռ, նախագծի առաջին օրից քննադատում էր և պնդում, որ այն խորացնելու է Եվրամիության կախվածությունը ռուսական գազից: