Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն արդեն ժամանել է Վաշինգտոն։ Նա բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ։ Չի բացառվում, որ բանակցություններին հաջորդի մամուլի համատեղ ասուլիսը։
Լավրովին Սպիտակ տանը մի քանի ժամից ընդունելու է նաև ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։ Վերջիններիս հանդիպումը հաստատեց Սպիտակ տունը՝ նշելով, որ անցկացվելու է փակ ռեժիմով։
Փոմփեո-Լավրով հանդիպման մասին նախապես հայտարարվել էր, որ քննարկվելու են սպառազինությունների վերահսկման, ԱՄՆ-Ռուսաստան երկկողմ հարաբերություններին, գործարար կապերին առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվելու նաև Ուկրաինային և Սիրիայի իրավիճակին։
Վերջին անգամ Լավրովը ԱՄՆ էր այցելել 2.5 տարի առաջ՝ 2017 թվականին։ Լավրովի այցի նախօրեին ԱՄՆ Ներկայացուցիչների տան և Սենատի հանձնաժողովները համաձայնեցին ԱՄՆ-ի 2020թ. ռազմական բյուջեում ներառել Ռուսաստանից դեպի Եվրոպա կառուցվող էներգետիկ խողովակաշարերին վերաբերող պատժամիջոցների հարցը։ Ակնկալվում է, որ ռազմական բյուջեի ընդունման քվեարկությունը կանցկացվի այս ամսվա վերջին։ Ռազմական ծախսերի օրինագծում հաճախ են քաղաքական բնույթի կետեր ընդգրկվում, քանի որ այն ամերիկյան մի քանի օրենսդրական ակտերից մեկն է, որը յուրաքանչյուր տարի պարտադիր պետք է հաստատվի Կոնգրեսի կողմից։ Օրինագծով ԱՄՆ-ի 2020թ. ռազմական ծախսերը 738 միլիարդ դոլար են կազմում։
Կոնգրեսականների և սենատորների համաձայնեցված պատժամիջոցները կվերաբերեն այն ընկերություններին, որոնք կմասնակցեն Բալթիկ ծովով դեպի Գերմանիա «Հյուսիսային հոսք 2», ինչպես նաև «Թուրքական հոսք» խողովակաշարերի կառուցմանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Հյուսիսային հոսք 2» գազատարի դեպքում պատժամիջոցներ կսահմանվեն արտասահմանյան ընկերությունների հանդեպ, որոնց նավերը կօգտագործվեն Բալթիկ ծովի հատակով խողովակաշարերն անցկացնելու աշխատանքների համար։ Իսկ «Թուրքական հոսք» գազատարի դեպքում, քանի որ Սև ծովի հատակով խողովակաշարն արդեն անցկացված է, պատժամիջոցները կվերաբերեն ցամաքային հատվածի կառուցմանը։
«Հյուսիային հոսք»-ի կառուցման ծախսերը 11 միլիարդ դոլար են գնահատվում։ Ռուսաստանն ակնկալում է 2020թ. շահագործել էներգակիրների տեղափոխման այդ ուղիները՝ նվազեցնելով էներգակիրների տրանզիտը Ուկրաինայի տարածքով։ Կիևը Վաշինգտոնին հորդորում էր ընդունել այդ օրինագիծը, քանի որ յուրաքանչյուր տարի ավելի քան 2 միլիարդ դոլար է ստանում ռուսական տրանզիտի համար, իսկ նոր ուղիները Ուկրաինային կարող են զրկել այդ եկամուտից։ «Հյուսիսային հոսք»-ը Ռուսաստանին հնարավորություն կտա տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր գազ արտահանել Գերմանիա։ Գազատարի 80 տոկոսն արդեն կառուցված է։
Վաշինգտոնը և Բրյուսելը գտնում են, որ «Հյուսիսային հոսք 2» ծրագիրն ուժեղացնում է Եվրամիության կախվածությունը ռուսական գազից, սպառնում Եվրամիության ներքին շուկային և խախտում ԵՄ էներգետիկ քաղաքականությունը։ ԱՄՆ-ն նախկինում ևս փորձել էր կանխել «Հյուսիսային հոսք»-ի կառուցումը, բայց փորձերը ձախողվել էին։
2020թ. ԱՄՆ-ի ռազմական բյուջեով նախատեսվում է նաև Ուկրաինային անվտանգության կարիքների համար 300 միլիոն դոլար հատկացնել։ Անցյալ տարի Ուկրաինային 400 միլիոն դոլար էր հատկացվել, որի սառեցումը մեծ աղմուկ առաջացրեց. դեմոկրատները պնդում են, որ այդ քայլով Թրամփը փորձել է ճնշում գործադրել Կիևի վրա՝ 2020թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին իր հավանական մրցակից Ջո Բայդենի որդու դեմ հետաքննություն բացելու համար, ով բիզնես ուներ Ուկրաինայի էներգետիկ ոլորտում։
Հենց այս մեղադրանքով դեմոկրատները Թրամփի դեմ իմփիչմենթի գործընթաց են սկսել։ Թրամփը և հանրապետականները հերքում են մեղադրանքը։
Քիչ առաջ Ներկայացուցիչները տանը դեմոկրատները ներկայացրին Թրամփին իմփիչմենթ հայտնելու հոդվածը։ Այն կազմված է 2 կետից՝ իշխանությունը չարաշահելու և Կոնգրեսի հետաքննությանը խոչընդոտելու համար։ Նախատեսվում է, որ այս հիմքերով Թրամփին իմփիչմենթ հայտնելու հարցը Ներկայացուցիչները տանը քվեարկության կդրվի մինչև տարեվերջ։