Մատչելիության հղումներ

Հարկատուների հաշվին, որևէ հավելյալ արտոնություն Ryanair-ին չենք տալիս. Տիգրան Ավինյան


Ryanair-ի օդանավ օդանավակայանում, արխիվ
Ryanair-ի օդանավ օդանավակայանում, արխիվ

«Հարկատուների հաշվին, որևէ հավելյալ արտոնություն Ryanair-ին չենք տալիս», - «Ազատությանը» փոխանցեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանն` արձագանքելով երեկ համացանցում տարածված այն տեղեկություններին, թե պետությունը վերացնում է ավիաընկերությունների համար օդանավակայանում սահմանված վճարները, որոնք մեկ ուղևորի համար կազմում են շուրջ 80 դոլար:

Նման գրառումներ էին կատարել ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը և «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը: Փոխվարչապետը մանրամասնում է՝ վերացվում է միայն «Զվարթնոց» օդանավակայանում գործող օդի տուրքը: Այն մեկ ուղևորի համար կազմում է մոտ 10 հազար դրամ:

Որոշումը կտարածվի ոչ միայն շուկա նոր մուտք գործած բյուջետային ավիափոխադրող Ryanair-ի, այլև բոլոր այն ընկերությունների համար, որոնք վերջին 12 ամիսներին չիրականացրած ուղղություններով նոր չվերթներ կբացեն: Իսկ Գյումրիի պարագայում գործելու են նաև լրացուցիչ ֆինանսական խթաններ:

«Ոչ մի արտառոց, ոչ մի հարկատուների հաշվին, կոպիտ ասած, որևէ արտոնություն հավելյալ չենք տալիս, բացի այն արտոնությունից, որը որ վարչապետը նշել է», - ասաց փոխվարչապետը։

«Ազատության» հարցին՝ Գյումրիի հավելյալ խթանն ինչի՞ մասին է, Ավինյանը պատասխանեց. «Դրանք հիմնականում մարկետինգային, այսպես ասած, գումարներ են լինելու, որոնք որ հավելյալ հնարավորություն են ստեղծելու որոշակիորեն նաև Գյումրին դիտարկել, քանի որ Գյումրին որպես այդպիսին այդքան էլ հետաքրքիր ուղղություն չի ինքն իրենով, հավելյալ աջակցություն է լինելու ավիաընկերություններին, որոնք որ արդեն անհատապես օդանավակայանի հետ բանակցությունների արդյունքում կարող են այդ տարբեր տեսակի խթաններից օգտվել»։

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում օդի տուրքը հանվել էր ավելի վաղ: Օրինակ՝ 2016 թվականից «Շիրակ» օդանավակայանից թռիչքներ իրականացնող «Պոբեդա» ավիաընկերությունը օդի հարկ ասվածը չի վճարում:

Կառավարության անցած նիստին խոսվեց նաև ոլորտում նոր անակնկալների մասին: Վարչապետ Փաշինյանն ամենայն հավանականությամբ նկատի ուներ ևս մեկ բյուջետային ավիաընկերության՝ Wizz Air-ի մուտքը Հայաստան, այս մասին ավելի վաղ խոսել էր քաղավիացիայի վարչության պետ Տաթևիկ Ռևազյանը:

Պատրաստվող նոր նախագծով այս ընկերությունը ևս օդի տուրքից ազատվելու հնարավորություն կստանա:

«Այս խնդիրը լուծելու համար մի քանի անգամ կառավարությունում եղել են շատ բուռն քննարկումներ և կարծում եմ, որ պետք է ընդգծել, որ այս պրոցեսում շատ մեծ դեր է ունեցել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանները շատ գործընկերային դիրքորոշում են ցուցաբերել այս խնդրի լուծման, և իհարկե, կառավարությունը շատ սկզբունքային որոշում է կայացրել», - նշեց վարչապետը։

Կառավարությունում բուռն քննարկումները գուցե նաև պայմանավորված են նրանով, որ վարչապետի ավիացիայի գծով խորհրդական Հակոբ Ճաղարյանի՝ ոլորտի զարգացման տեսլականը տարբերվում է Քաղավացիայի վարչության որդեգրած տեսլականից: Խորհրդականը «Ազատության» հետ զրույցում հայտարարեց՝ այս փուլում բյուջետային ավիաընկերության մուտքը շուկա խանգարող հանգամանք կլինի տեղական ավիաընկերության կայացմանը:

«Հիմիկվա այսպես կոչված լոուքոսթերների մուտքը հայկական ավիացիոն շուկա չի մտնում մեր տեսլականի, իմ տեսլականի տրամաբանության մեջ։ Ես միշտ առաջարկել եմ սկզբից ունենալ պաշտպանող մրցակից մեխանիզմը, հետո թողնել ներս, ես միշտ կողմնակից եմ եղել սուբսիդավորման դեպքում սուբսիդավորել տեղական ընկերություններին քան դրսի, տեղական փոխադրողը ծառայություն է արտահանում և արտայժույթ է ներմուծում, արտասահմանյան ցանկացած փոխադրող՝ լինի դա լոուքոսթեր, թե դա լինի դասական ավիաընկերություն, ինքը ծառայությունը ներմուծում է մեր երկիր, այսինքն իրա երկրից արտահանում է, մենք ներմուծում ենք մեր երկիր և արտահանում ենք արտայժույթ, որը մեզ ձեռք չի տալիս, պլյուս աշխատատեղերը, որ ամեն օդանավ աշխատատեղ է՝ մոտ 100 աշխատատեղ է ընկերությունում և մոտ 200, 250 հարակից ոլորտներում», - ասաց Հակոբ Ճաղարյանը։

Ճաղարյանը համեմատական է անցկացնում հարևան Վրաստանի հետ, որտեղ բյուջետային ավիաընկերությունների առջև պայման է դրվել թռիչքների մեծամասնությունը իրականացնել Քութայիսից, ոչ թե Թբիլիսիից, մինչդեռ Հայաստանի դեպքում Գյումրիից ընդամենը մեկ ուղղություն է գործում, իսկ Երևանից 3:

Ryanair-ի շուկա մուտք գործելու նորությանը հաջորդած քննադատությունների վերաբերյալ երկու օր է Քաղավիացիայի վարչությունից մեկնաբանություն ստանալ չի հաջողվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG