Իռլանդական Ryanair ավիաընկերության մուտքը Հայաստանի շուկա ինքնանպատակ չի եղել, «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: Նա հերքեց այն տեսակետը, թե ստացվում է, որ նրանք, ովքեր չեն օգտվելու այս ավիաընկերության ծառայություններից, վճարելու են թռչող ուղևորների համար:
«Մենք շատ լավ պայմաններ ունենք Ryanair-ի հետ: Դա բանակցությունների արդյունքում է եկել: Մենք հասկացել ենք, որ դա մեզ համար պետք է արդյունավետ լինի, մեր տնտեսության համար նպաստավոր լինի: Մենք «Զվարթնոց»-ի հետ կապված նոր օրենսդրական փոփոխություններ ենք առաջարկել, որ օդի տուրքը հանենք, դա միայն Ryanair-ի համար չի, դա բոլոր ավիաընկերությունների համար է, իսկ Գյումրու զարգացման համար ֆոնդ ենք ստեղծել: Այսինքն՝ պետբյուջեի հաշվին չի արվել: Պետբյուջեից որևէ գումար չենք տրամադրելու», - նշեց Ռևազյանը:
Քաղավիացիայի կոմիտեի նախագահը մանրամասնեց, որ 35, 50 կամ 100 եվրոն, որ վճարվելու է երկկողմանի տոմսերի ձեռքբերման համար, բուն տոմսերի համար է, իսկ այլ ծառայությունների, այդ թվում՝ սննդի, մեծ ճամպրուկի համար պետք է առանձին վճարել, ինչի որոշումը ուղևորն է կայացնելու: «Շատ փոքր ճամպրուկ է Ryanair-ը թույլ տալիս, և պետք է հասկանանք, որ իրենք դա ստուգելու են, և այն ուղևորները, որ կփորձեն շրջանցել օրենքը, խնդիրներ կունենան, կստիպեն, որ վճարեն այդ ճամպրուկի համար», - ներկայացրեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահը:
Տոմսերի արժեքի մասին նա նշեց, որ կախված է, թե երբ է ուղևորը պատվիրում տոմսը, որ սեզոնին, այսինքն՝ կախված մի շարք հանգամանքներից՝ տոմսը կարող է էժան էլ լինել, թանկ էլ:
«Դուք վերահսկո՞ւմ եք՝ ինչ օդանավեր են թռչելու և ինչ որակի», - այս հարցին Ռևազյանն արձագանքեց․ - «Օդանավի որակի մասով ընդհանրապես թող մարդիկ չանհանգստանան, որովհետև իրականում Ryanair-ը Եվրոպայի ամենամեծ ավիաընկերությունն է, շատ լուրջ ստուգումներ է անցնում, հին օդանավերով չի թռչում: Օրինակ՝ ինքը չի կարող հին օդանավով թռչել, որովհետև հին օդանավը շատ ավելի շատ կերոսին է ծախսում, ու իր վրա դա մեծ ծախս է»:
Հիշեցնենք, որ եվրոպական ամենամեծ՝ Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերությունը մուտք է գործում Հայաստանի ավիացիոն շուկա: Առաջին չվերթն ավիաընկերությունը կիրականացնի հունվարի 14-ին՝ Երևանը կապելով Հռոմի և Միլանի հետ, ապա մարտի վերջից կգործի Բեռլինի ուղղությունը, իսկ Գյումրին Գերմանիայի Մեմինգեն քաղաքի հետ կկապվի մարտի վերջից:
Տաթևիկ Ռևազյանը հայտնեց, որ հնարավոր է՝ այս շաբաթ հունգարա-լեհական Wizzair ավիաընկերությունը ևս հայտարարի իր ուղղությունները Հայաստանից, այս շաբաթ ընկերության ներկայացուցիչները այստեղ են ժամանելու:
«Հուսով եմ, որ մի քանի շաբաթվա ընթացքում լավ լուրեր կունենանք Wizzair-ի հետ կապված: Լրիվ վերջնական բանակցությունների փուլում ենք», - ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահը:
Ռևազյանը նկատեց, որ նման կերպ մրցակցություն է սկսվում, ինչը կխթանի նաև գնային քաղաքականությունը: