Մատչելիության հղումներ

Գյումրիում «Պոբեդայի» ինքնաթիռների վառելիքի թերլցման խնդիրը լուծվել է․ Ռևազյան


Ավիափոխադրումներ իրականացնող ռուսական «Պոբեդա» ընկերության բարձրաձայնած վառելիքի թերլցման խնդիրը լուծվել է:

Ռուսական ընկերությունը պնդում էր, որ Գյումրու օդանավակայանում վառելիքը թերի է լիցքավորվում և հայտարարել էր, որ չի շարունակի թռիչքներ իրականացնել Հայաստանի հյուսիսային մայրաքաղաք, քանի դեռ հարցը չի կարգավորվել։

Շաբաթներ առաջ և՛ Քաղավիացիայի կոմիտեն, և՛ «Պոբեդա» ընկերությունը հայտարարեցին՝ խնդիրը կարգավորվել է՝ Մոսկվա - Երևան թռիչքի տոմսերն էլ կրկին վաճառքի հանվեցին:

Քաղավիացիայի կոմիտեից հայտնում են՝ վառելիքի խնդիրը լուծվել է ներքին բանակցությունների արդյունքում, իրենք եղել են Գյումրիում ու ստուգումներ իրականացրել և որևէ բողոք չեն լսել, Կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն ասում է․ - «Խնդիրը մասնավոր է եղել, «Պոբեդան» մասնավոր ընկերություն է, «Զվաթնոցի» ղեկավարությունը, որը էլի մասնավոր ընկերություն է ներկայացնում, իրար մեջ էդ հարցը լուծել են, բայց մենք էդ պրոցեսը վերահսկել ենք»:

Ռևազյանն անդրադարձավ լոուքոսթերների հավանական մուտքին հայաստանյան շուկա․ երկու խոշոր ընկերությունների՝ «ՌայնԷյրի» և «ՎիզԷյրի» ներկայացուցիչները եղել են Հայաստանում: Կոմիտեի նախագահը ավելի քան մեկ ամիս առաջ հայտարարել էր, որ այս ընկերություններից մեկը՝ «ՌայնԷյրը» Երևանից թռիչք իրականացնելու ամենալավ շանսը 2020-ի ամառն է համարում:

«Մեկ ամսվա մեջ, ինձ թվում է, հայտնի կլինի՝ երբ, ոնց, ինչ», - նշեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահը:

Ռևազյանի վստահեցնում է՝ այս ընկերությունները մեծապես հետաքրքրված են Հայաստանով, այլապես այս ընկերությունների որոշումները կայացնող անձինք Հայաստան չէին գա․ - «Սա ստրատեգիական որոշում է եղել իրենց կողմից, որ մեր տարածաշրջանում ուսումնասիրություններ անեն ու տեսնեն ինչպես կարող են զարգացնել»:

Քաղավիացիայի կոմիտեի նախագահն անդրադարձավ նաև ազգային ավիափոխադրողի հնարավոր ստեղծմանը, ասաց՝ Կոմիտեն չէ, որ պիտի այդպիսի ընկերություն ստեղծի, իրենք միայն հսկողի դերում կարող են լինել: - «Բայց իմ անձնական կարծիքն ասեմ՝ ուզում եմ, որ ինքը կայուն լինի, մինչև մենք էդ կոչումը տանք, որովհետև դա Հայաստանի անունն է դրսում»:

Ռևազյանը «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքուղու հարևնությամբ հետևում էր Հայաստան նոր բերված երեք ուղևոր տեղափոխելու հնարավորություն ունեցող փոքր ինքնաթիռի թռիչքին, որը կշահագործվի այստեղ փոքր ավիացիան զարգացնելու նպատակով, ուսումնական և տուրիստական թռիքչքներ կկազմակերպեն։ Դե իսկ այս ինքնաթիռը կառավարել սովորելը կարժենա 7-8 հազար դոլար:

XS
SM
MD
LG