Մատչելիության հղումներ

Լուկաշենկոյի կարծիքով՝ Պուտինի վրա հակաբելառուսական ուժեղ ճնշում կա


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ելույթ է ունենում նորընտիր խորհրդարանի և լիազորություններն ավարտած հեռացող պատգամավորների համատեղ նիստում, 5-ը դեկտեմբերի, 2019թ., Մինսկ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ելույթ է ունենում նորընտիր խորհրդարանի և լիազորություններն ավարտած հեռացող պատգամավորների համատեղ նիստում, 5-ը դեկտեմբերի, 2019թ., Մինսկ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ելույթ է ունեցել նորընտիր խորհրդարանի և լիազորություններն ավարտած հեռացող պատգամավորների համատեղ նիստում։

Նա առաջիկա օրերին հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում նախատեսված է քննարկել ինտեգրման հարցերը, և Լուկաշենկոյի մեկնաբանությունները հետաքրքիր են հատկապես այդ հանդիպման շեմին։ Վաղը հանդիպելու են Բելառուսի և Ռուսաստանի վարչապետերը, շաբաթ օրը՝ երկու երկրների նախագահները։ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից առաջ Լուկաշենկոն ասել է, թե Վլադիմիր Պուտինի վրա հակաբելառուսական ուժեղ ճնշում կա։

«Այսօր նախագահ Պուտինն ուժեղ ճնշման տակ է, ընդ որում արդեն նրան մոտ կանգնած շրջապատի կողմից, հակաբելառուսական ճնշման տակ», - հայտարարել է նա։

Լուկաշենկոն հավաստիացրել է, որ Բելառուսը չի պատրաստվում մտնել Ռուսաստանի կազմի մեջ. - «Բելառուսը և Ռուսաստանը չեն պատրաստվում միացյալ խորհրդարան ստեղծել, Ռուսաստանի հետ ինտեգրման փաստաթղթեր Բելառուսը չի ստորագրի ի վնաս իրեն։ Բելառուսում ոչ մեկը չի պատրաստվում հանձնել երկրի անկախությունը և ինքնիշխանությունը», - շեշտել է նա։

Միաժամանակ նշել է, որ միութենական պետության շրջանակներում ինտեգրումը խորացնելու, ճանապարհային քարտեզի փաթեթը մշակելու, ինչպես նաև երկու կողմերի համար զգայական հարցերը համաձայնեցնելու աշխատանքներն ավարտական փուլում են։

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ևս այսօր անդրադարձել է Բելառուսի հետ ինտեգրման հարցին։ Ռուսական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում նա ասել է, թե ՌԴ-ի ու Բելառուսի ինտեգրումը կփոքրացնի երկու երկրների լիազորությունները, բայց դրանից պետք չէ վախենալ, որովհետև հարկ չկա ամբողջովին հրաժարվել ինքնիշխանությունից։

Բելառուսի նախագահն իր ելույթում դժգոհել է նաև, որ մինչև հիմա լուծված չեն ռուսական գազի և նավթի մատակարարումների սկզբունքային հարցերը. - «Նույնիսկ տարրական հարցերը չեն լուծվել», - բողոքել է նա՝ նշելով, որ Բելառուսի համախառն ներքին արդյունքի ցուցանիշները տապալվել են հիմնականում նավթային խնդիրների պատճառով։

Էներգակիրների մատակարարման 2017թ. ստորագրված պայմանագրի ժամկետն ավարտվում է այս դեկտեմբերի վերջին։ 2017թ. Բելառուսը գազ էր ստացել հազար խորանարդ մետրը 129 դոլարով, հաջորդ տարվանից՝ ավելի էժան՝ 127 դոլարով, 2020թ. մատակարարումների բանակցությունները դեռ շարունակվում են։

Իր երկրի մասին Լուկաշենկոն ասել է, թե Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կա. նոր խորհրդարանը պետք է զբաղվի սահմանադրական փոփոխությունները մշակելու հարցով, բայց մինչև 2020թ. նախագահական ընտրությունները, որոնք նախատեսված են անցկացնել գալիք տարվա ամռանը, Սահմանադրությունը պետք է մնա նույնը, փոփոխությունները՝ ընտրություններից հետո։

«Գիտեք, ես կարող եմ մեկ շաբաթվա ընթացքում Սահմանադրություն գրել, բայց դա կլինի իմ տարբերակը, իսկ Սահմանադրությունը պետք է ընդունեն մարդիկ և հանրությունը», - ասել է Լուկաշենկոն։

Բելառուսի սահմանադրական փոփոխությունների որևէ նախագիծ դեռ չկա, և այս պահին դժվար է ենթադրություններ անել, թե արդյոք դա պայմանավորված է Ռուսաստանի հետ ինտեգրման գործընթացով։ Ամեն դեպքում շաբաթ օրը հնարավոր է, որ Պուտինը և Լուկաշենկոն ինչ-որ որոշում ընդունեն։ Լուկաշենկոն ասել է, որ երկու կողմերի վարչապետերի գլխավորությամբ աշխատանքային խմբերը վաղը քննարկելու են ինտեգրման ճանապարհային քարտեզը, իսկ շաբաթ օրը՝ իր և Պուտինի հանդիպմանը, կտեսնեն, թե ինչ է մշակվել, և եթե հնարավոր լինի, որոշում կընդունեն։

XS
SM
MD
LG