2017 թվականին սպանված հետաքննող լրագրող Դաֆնա Կարուանա Գալիցիայի հարազատները դատական հայց են ներկայացրել Մալթայի վարչապետի դեմ:
Ջոզեֆ Մուսկատին մեղադրում են Սահմանադրությունը խախտելու մեջ: Լրագրողի ընտանիքն իրավապահներից պահանջում է ստուգել Մուսկատի շահագրգռվածությունը սպանության հարցում:
Զուգահեռաբար, Մալթայում բողոքի ակցիաները չեն մարում, ցուցարարները պահանջում են վարչապետի հրաժարականը, ով երկու օր առաջ հայտարարել էր, թե պատրաստ է հեռանալ, սակայն՝ հունվարին: Ընդդիմախոսները պահանջում են լիազորությունները վայր դնել անհապաղ:
Եվրամիության օրենսդիր մարմինը հայտարարել է, որ եվրոպացի օրենսդիրների պատվիրակություն է գործուղում Մալթա, որտեղ պատգամավորները մտադիր են ստուգել լրագրողի սպանության գործով հետաքննության ընթացքը:
Դաֆնա Կարուանա Գալիցիան սպանվել է 2017 թվականին՝ իր մեքենայում տեղադրված ռումբի պայթյունից: Ամիսներ տևած հետաքննության արդյունքում լրագրողը բացահայտել էր, որ Մալթայի վարչապետի կինը կապ ունի Պանամայում գրանցված օֆշորային մի ընկերության հետ, որը գումարներ է ստացել Ադրբեջանի իշխանություններից: