Լրագրողի սպանության պատճառով հրաժարական է տվել Մալթայի վարչապետի աշխատակազմի ղեկավարը: Քիթ Շեմբրիի անունը շրջանառվում է Դաֆնա Կարուանա Գալիցիայի սպանության հետաքննության գործում:
Վարչապետ Ջոզեֆ Մուսկատը հաստատել է իր աշխատակազմի ղեկավարի պաշտոնանկությունը, պատճառը, սակայն, չի նշել: Միևնույն ժամանակ Մալթայի ոստիկանությունը հայտարարել է, որ լրագրողի սպանության գործով հարցաքննվել են նոր վկաներ, ըստ տեղական լրատվամիջոցների, Շեմբրին դրանց թվում է:
Բարձրաստիճան պաշտոնյայի պաշտոնանկությունը հաջորդում է մալթացի ազդեցիկ գործարար Յորգեն Ֆենեշի ձերբակալությանը, ով կասկածվում է Գալիցիայի սպանությանը առնչություն ունենալու մեջ: Շեմբրին և զբոսաշրջության հարցերի նախարար Կոնրադ Միցցին կասկածվում են ձերբակալված գործարարից գումար ստանալու մեջ:
Դաֆնա Կարուանա Գալիցիան սպանվել է 2017 թվականին՝ իր մեքենայում տեղադրված ռումբի պայթյունից:
Ամիսներ տևած հետաքննության արդյունքում լրագրողը բացահայտել էր, որ Մալթայի վարչապետի կինը կապ ունի Պանամայում գրանցված օֆշորային մի ընկերության հետ, որը գումարներ է ստացել Ադրբեջանի իշխանություններից: Վարչապետ Ջոզեֆ Մուսկատն ու նրա ընտանիքը կտրականապես հերքում են այդ մեղադրանքները: