Մատչելիության հղումներ

Փոխվարչապետ Գրիգորյան. Բանակցում ենք՝ բացառելու գազի գնի խնդրահարույց տատանումը


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը զրուցում է լրագրողների հետ, արխիվ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը զրուցում է լրագրողների հետ, արխիվ

Երևանը «Գազպրոմի» հետ բանակցում է՝ բացառելու գազի գնի այնպիսի տատանումը, որը խնդրահարույց կլինի հայաստանյան տնտեսության, սպառողի համար, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նա հրաժարվեց նշել՝ բանակցություններն ընթանում են գազի գնի թանկացման, նույն գինը պահելու, թե էժանացնելու ուղղությամբ. - «Մինչև ապրիլի մեկը բարձրացում չի լինի։ Ապրիլի մեկից հետոյի հետ կապված տեղեկություն չեմ կարող հիմա հաղորդել», - ասաց նա։

«Ազատության» հարցին՝ ներկայումս ի՞նչ ընթացքի մեջ են բանակցությունները, փոխվարչապետը պատասխանեց. - «Ընթացքի մեջ են։ Բանակցում ենք, որպեսզի ամեն ինչ անենք, որ գնային տատանում չլինի այնպիսի, որը կլինի բեռ կամ պրոբլեմատիկ թե՛ հասարակ սպառողի, թե՛ տնտեսության համար»։

Փոխվարչապետը, ըստ էության, հաստատեց, որ Հայաստանը բանակցում է նաև այլ երկրների հետ՝ գազ ձեռք բերելու նպատակով. - «Գազի հետ կապված բանակցությունները և քննարկումները բազմակողմ են, և ցանկացած հնարավորություն մենք պետք է գնահատենք և հաշվի առնենք, այդ թվում՝ այլ երկրների հետ, գուցե և ոչ ուղղակի, բայց էներգետիկ համակարգում որոշակի ձևով այո»։

Հարցին, թե ինչ փուլում է Իրանից գազ ստանալու և փոխարենը այլ ապրանքներ տալու գործընթացը, Մհեր Գրիգորյանն արձագանքեց. - «Հիմա ընթացքում է այդ գործընթացը, այլ բան է, թե հնարավորությունները... զուտ ենթակառուցվածքային հնարավորությունների զարգացումը դա այլ հարց է, և այլ հարց է նաև ծավալները, որոնք, իհարկե, օրակարգային հարցեր են, բայց այս պահին ես որևէ ավելի կոնկրետ բան չեմ կարող ասել դրա հետ կապված, որովհետև Իրանի հետ կապված գործարքի էությունը բարտերային է, այսինքն՝ գազի դիմաց էլեկտրաէներգիա է տրամադրվում, իսկ էլեկտրաէներգիա մատակարարելու համար պետք է լինի նաև ենթակառուցվածք, որոշակի տեխնիկական պայմաններ»։

Նա հերքեց տնտեսագետների հայտարարությունները, թե այն, որ ասում են՝ գազի գինը մինչև ապրիլի մեկը չի թանկանալու, նշանակում է, որ դրանից անմիջապես հետո թանկանալու է. «Եթե դա լիներ ուղիղ մեսիջ, դա կասվեր ուղիղ մեսիջով, եթե չի ասվում ուղիղ մեսիջով, նշանակում է՝ բանակցվում է, և կան հարցեր, որոնք դեռևս ճշտման ենթակա են։ Այն ուղերձը, որ մինչ օրս տրվել է, հաղորդվել է, դա վերաբերում է այն հարցին, որը բոլորիս հետաքրքրում է։ Դա վերաբերում է տարիֆին, ներքին սակագնին», - հավելեց Մհեր Գրիգորյանը։

Օրերս ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպմանը գազի գնի շուրջ Մոսկվայի հետ տարվող բանակցություններին անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ առնվազն մինչև գարուն Հայաստանի համար գազի գինը չի բարձրանա։

«Անկեղծ ասած, Վլադիմիր Վլադիմիրի հետ մենք ընդհանուր զրույց ենք ունեցել։ Մենք չենք կոնկրետացրել և չենք խոսել դետալների մասին։ Մենք խոսել ենք այն մասին, որ Հայաստանի համար գազի գինը պետք է այնպիսին լինի, որպեսզի չկոտրի Հայաստանի տնտեսական դինամիկան։ Այս տարի մենք ակնկալում ենք բավական լավ տնտեսական աճ, և մենք պայմանավորվել ենք, որ գազի գինը պետք է այնպիսին լինի, որ այդ դինամիկան չխաթարի։ Դրանից հետո Հայաստանի կառավարության ներկայացուցիչները մշտական կապի մեջ են ռուսաստանցի գործընկերների հետ։ Շատ ուրախ եմ արձանագրել, որ առնվազն մինչև գարուն Հայաստանի համար գազի գինը չի բարձրանա։ Դա լավ նորություն է։ Այնպես չէ, որ երկարաժամկետ կտրվածքով դա մեզ հարմար է, բայց արդեն վատ չէ։ Հուսով ենք և վստահ ենք, որ կառուցողական երկխոսություն կունենանք, և հուսով եմ, որ մենք կհանգենք ընդհանուր որոշման», - ասել էր վարչապետը:

2013 թվականին, երբ Հայաստանի ու Ռուսաստանի միջև այդ տարվա դեկտեմբերին կնքված համաձայնագրով «Հայռուսգազարդում» Երևանին պատկանող վերջին 20 տոկոս բաժնեմասը Սերժ Սարգսյանի կառավարությունը փոխանցեց «Գազպրոմին», Կրեմլը Հայաստանի հետ սահմանին գազը վաճառում էր հազար խորանարդ մետրը 240 դոլարով: Այդ համաձայնագրից հետո՝ 2014թ․-ից սկսած, սահմանին գազի գինը իջավ 189 դոլար: 2015թ․ սեպտեմբերին սահմանին գազը կրկին էժանացավ՝ դառնալով 165 դոլար: Հաջորդ տարի՝ 2016թ․ ապրիլին, գազը ևս մեկ անգամ էժանացավ՝ Հայաստանի սահմանին դառնալով 150 դոլար, թեև մարդիկ բնակարաններում շարունակում էին վճարել գրեթե երկու անգամ թանկ:

Այս տարվա հունվարի 1-ից Կրեմլը թանկացրեց Հայաստանի համար նախատեսված կապույտ վառելիքը․ սահմանին այն վերադարձավ հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլար գնին: Բնակարաններում սպառման համար հայաստանցիները «Գազպրոմ Արմենիային» վճարում են 289.5 դոլար:

Ի դեպ, «Գազպրոմ» ընկերության 2018թ․ հաշվետվության համաձայն, անցած տարի Ռուսաստանում ընկերության վաճառած հազար խորանարդ մետր գազի մեծածախ, միջին գինը կազմել է ընդամենը 67.5 դոլար, իսկ հետխորհրդային երկրների դեպքում մեծածախ, միջին գինը եղել է 162.6 դոլար:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG